Մատչելիության հղումներ

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զորամասերի մոտ բողոքի ակցիաներ անցկացվեցին


Բողոքի ակցիան Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ, 12-ը հունվարի, 2019թ.
Բողոքի ակցիան Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ, 12-ը հունվարի, 2019թ.

Այսօր լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի 4-րդ տարելիցը, նաև դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի ենթարկված Ջուլիետա Ղուկասյանի մահվան 40-րդ օրը։ Ի նշան բողոքի՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զորամասերի մոտ անցկացվեցին բողոքի ակցիաներ:

Ռազմաբազայի բոլոր զորամասերի անցակետերի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էին, նաև՝ Ռազմական ոստիկանությունից: Որևէ ռուս զինծառայող չկար, զորամասերից ելքն ու մուտքը դադարեցված էր: Պատուհաններից էին հետևում, նաև՝ տեսանկարահանում:

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր հետ թռուցիկներ էր բերել. Ավետիսյանների ընտանիքի Ջուլիետա Ղուկասյանի լուսանկարներն էին՝ գրառմամբ, որ երկու հանցագործություններն էլ բացահայտված չեն:

«Կոչ կա էստեղ ռուսական 102-րդ բազային, որովհետև և՛ Պերմյակովն էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող, և՛ մեղադրյալը՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվողը, կոչը հետևյալն է, թե՝ «բազա, ձեր գազաններին պահեք վանդակներում, մենք դրանց համար պատասխանատու չենք», - հայտարարեց Բարսեղյանը։ Թռուցիկները փակցրեց հասանելի բոլոր տեղերում, այդ թվում նաև անցակետի արգելապատնեշների վրա։

Մշակվել է նաև պահանջագրի նախագիծ՝ ուղղված և՛ Հայաստանի իշխանություններին, և՛ Ռուսաստանին: Բարսեղյանը հիշեցրեց, որ 4 տարի առաջ ևս Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո պահանջագիր ներկայացրել են իշխանություններին, հիմա այն, դեպքերի զարգացումներից դուրս գալով, լրամշակվել է: Պահանջագրի առաջին պահանջն ուղղված է Հայաստանի իշխանություններին:

«Ջուլիետա Ղուկասյանի նկատմամբ կիրառած մահացու ծեծի գործով մեղադրյալին և հնարավոր այլ մեղադրյալների ջանքեր ներդնել Հայաստանի իշխանություններին փոխանցելու և բարեխիղճ քննություն անցկացնելու համար», - նշեց Բարսեղյանը՝ շարունակելով. - «Ինչպես հիշում եք, և՛ 4 տարի առաջ, և՛ մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազները, իրենց կարծիքով, օրենսդրության մեջ եղած ինչ-ինչ հակասությունները սկսեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու օգտին։ Փորձագետների վերլուծություններով և բացատրություններով՝ այս ռազմաբազայի մասին համաձայնագրերը նման փոխանցում չեն նախատեսում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության մեջ մեղադրվողները, մանավանդ այդ հանցագործությունները տեղի են ունեցել ոչ թե զորամասի ներսում, այլ՝ դրսում, պետք է լինեն Հայաստանի իրավապահների հսկողության տակ, Հայաստանի արդարադատությունը պիտի իրականացնի ամբողջ նախաքննությունը, հետաքննությունը, դատավարությունը և այլն»:

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները վարույթն իրականացնող մարմնին միջնորդություն էին ներկայացրել, որ մեղադրյալ Անդրեյ Ռազգիլդեևը կալանքը կրի Հայաստանի համապատասխան քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ թե ռուսական ռազմաբազայում։ 22 օր անց, սակայն, միջնորդության վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։

Պահանջագրով Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ ռուսական ռազմաբազայի զորամասերում հատուկ հսկողություն սահմանվի, նաև տեսանկարահանող սարքեր տեղադրվեն, լրացուցիչ ոստիկանական հսկողություն սահմանվի այն թաղամասերում, որտեղ վարձակալությամբ բնակվում են պայմանագրային ռուս զինծառայողներ։ Ռուսական կողմին ներկայացված առաջին պահանջը Անդրեյ Ռազգիլդեևին հայ իրավապահներին հանձնելն է:

«Մենք համարում ենք, որ արդյունավետ քննություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե այդ մեղադրյալը կամ, հնարավոր է, մեղադրյալները փոխանցվեն Հայաստանի իրավապահ մարմիններին: Եվ սա չի բացառում Ռուսաստանի իրավապահների մասնակցությունը գործի քննությանը», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Առաջարկվում է ռուսական կողմին պարբերաբար ստուգումներ անցկացնել բազայի զինծառայողների շրջանում, որ ներսում տեղ գտնող բացասական երևույթների հետևանքով չտուժեն գյումրեցիները:

«Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը իրենց կողմից», - նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահը և շարունակեց. - «Ազատական ստացող զինվորականներին մինչև զորամասից դուրս թողնելը առաջարկում ենք, որ անպայման բժշկահոգեբանական քննություն անցնեն, <...> հասկանան՝ էդ մարդը ողջամիտ է, մեղսունակ է, կարող է մի բան է տեղի ունեցել՝ դուրս գա մեկին վնաս տա։ Իրենց ներսում էդ խնդիրը պիտի կարգավորեն»:

Պիկետին միացան նաև Երևանից Հայաստանի Եվրոպական կուսակցության ներկայացուցիչները: Տիգրան Խզմալյանն ասաց՝ սա քաղաքական ակցիա չէ, եկել են նախ հարգելու Ավետիսյանների ու Ջուլիետա Ղուկասյանի հիշատակը և ասելու, որ ռուսական բանակը չի կարող ապահովել հայ քաղաքացու անվտանգությունը:

«Մարդասպանները, զավթիչները, օկուպանտները չեն կարող լինել ազգի, երկրի պաշտպանը։ Հայոց անվտանգությունը կարող է երաշխավորել միայն Հայոց բանակը։ Միայն հայ զինվորն է երաշխիքը մեր անվտանգության, մեր անկախության, մեր ազատության», - հայտարարեց Խզմալյանը։

Մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին տարիներին ռուս զինծառայողների կողմից սպանված 12 զոհերի հիշատակը: Պիկետ անցկացրեցին մի քանի այլ զորամասերի դիմաց:

57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Այս հոդվածը նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում: 23-ամյա ռուս պայմանագրային զինծառայողը ձերբակալվել է դեկտեմբերի 10-ին՝ դեպքից 8 օր անց միայն, նրան մեղադրանք է առաջադրվել:

2015 թվականի հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել է գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքին՝ այդ թվում երկու մանկահասակ երեխաներին: 2016-ի օգստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Պերմյակովին: Վերջինս ամիսներ անց փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը, որը երաշխավորել է Հայաստանի դատարանի վճռի իրականացումը:

Գյումրիում նախկինում ևս ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպեր են գրանցվել: 1999-ին, մասնավորապես, երկու ռուս զինվորներ կրակահերթեր են արձակել քաղաքային շուկայում՝ սպանելով երկու և վիրավորելով յոթ մարդու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG