Մատչելիության հղումներ

«Հիմքերի ուսումնասիրմամբ ոչինչ չի գտնվել»․ Փաշինյանը չի բացառում, որ Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներն ապօրինի են տրվել


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականների դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ զբաղվել են, սակայն ոչինչ չի գտնվել, այսօր Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա հիմք է տալիս ենթադրելու, որ վկայականները տրվել են ապօրինի:

Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարեսկզին Կիրանցի հատվածում իրանակացված սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած տարածքներում մոտ 6 տասնյակ հողակտորի դեպքում մարդիկ սեփականության վկայականներ ունեին։ Հոկտեմբերին 2-ին Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ քննությունը կպարզի, թե ինչպես են առանց հիմքերի քաղաքացիներին ժամանակին սեփականության վկայաններ տրվել, հավելելով, որ գուցե չարաշահումներ են եղել։

Ընդգծելով, որ նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չէ՝ Փաշինյանն այսօր ասել է, որ Կիրանցի այդ վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում։

«Մի մոռացեք մի հանգամանք ևս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե՛ Կիրանցը, թե՛ Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել և այսպես շարունակ», - գրել է վարչապետը։

Նշվում էր, որ սահմանազատումն իրականացվում է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976-ի տեղագրական քարտեզի համաձայն։

Թե ինչու են հիմք ընդունվել հենց ԽՍՀՄ քարտեզները, Փաշինյանն այսօր պարզաբանել է՝ հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, «որովհետև մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով և միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալն անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար»:

«Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ: Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն», - եզրափակել է Փաշինյանը։

XS
SM
MD
LG