Ի՞նչ հիմքով էին դեռ 2021 -ին Շուռնուխում հանձնվում Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, երբ քաղաքացիները ունեին կադաստրի վկայականներ, այսօր վարչապետին խորհրդարանում հարց ուղղեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը շեշտեց, որ նույնը տեղի ունեցավ նաև Կիրանցում, երբ սեփականության վկայականներ ունեցող քաղաքացիներ զրկվեցին իրենց ունեցվածքից, այն դեպքում, երբ սահմանազատման կանոնակարգը դեռ խորհրդարան էլ չի հասել։
«Եթե չկար այդպիսի իրավական հիմք, և այս կանոնակարգը նոր է ստեղծում այդ իրավական հիմքը, ապա Ձեր գործողությունը ինչպե՞ս կբնութագրեք՝ հանցագործությո՞ւն, ապաշնորհությո՞ւն», - հարցրեց Մինասյանը։
Վարչապետ Փաշինյանը արձագանքեց՝ քննությունը կպարզի, թե ինչպես են առանց հիմքերի քաղաքացիներին ժամանակին սեփականության վկայաններ տրվել, հավելելով, գուցե չարաշահումներ են եղել։
«Մենք ասել ենք, որ պետք է հասկանանք՝ այդ սեփականության վկայականների հիմքերը որտեղ են, և գնացել ենք այդ հիմքերի հետևից՝ հասկանալու համար՝ դա ինչ է։ Եվ մենք այդ հիմքերը չենք գտել, և այդ սեփականության վկայականներ տալու առիթը ուղարկված է իրավապահ մարմիներին, որ նրանք պարզեն՝ ոնց է, որ հիմքը չկա, բայց սեփականության վկայականը կա, գուցե ինչ-որ պաշտոնյաներ չարաշահումներ են թույլ տվել կամ ոչ պաշտոնյաներ։ Քննություն կլինի, կպարզենք», - հայտարարեց նա։
Սահմանազատման հետևանքով Կիրանցի 100 ընտանիքների մոտ 30 տոկոսը սեփական տուն, տարածք կամ բիզնես է կորցրել։ Հատվածական սահմանազատումից հետո Ադրբեջանին անցած տարածքներում մոտ 6 տասնյակ հողակտորի դեպքում մարդիկ սեփականության վկայականներ ունեն:
Փաշինյանն այսօր պնդեց, թե չի կարող որևէ մեկին հանձնարարել, որ քրեական գործ հարուցի, ուղղակի իր ձեռքի տակ եղած տեղեկատվությունը ուղարկել են իրավապահներին, և նրանք էլ կորոշեն՝ կա քրեական գործ հարուցելու հիմք, թե ոչ։
Հայկական Շուռնուխ գյուղը 2 մասի կիսվեց 2020 թվականի պատերազմից մի քանի ամիս անց՝ 2021-ի հունվարին, երբ Սյունիքում սկսվեցին սահմանային ճշգրտումները: Գյուղի ներքևի թաղամասը՝ 12 տուն անցավ Ադրբեջանին, թե ինչ իրավական փաստաթղթերի հիման վրա, մինչև հիմա պարզ չէ։ Շուռնուխցիները զրկվեցին իրենց տներից՝ վարձակալությամբ ապրելով շուրջ 3.5 տարի։