Մատչելիության հղումներ

«Հայոց պատմությունը» դարձավ «Հայաստանի պատմություն». Կառավարությունն ընդունեց որոշումը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Իմ գնահատմամբ՝ մենք մի պրոցեսի մեջ ենք, որ մենք հիմա փորձում ենք ըստ էության բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ», - այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս ճանապարհին Փաշինյանի կառավարությունը փոխում է «Հայոց պատմության» դասագրքի անվանումը, դարձնում «Հայաստանի պատմություն»։ Տարեսկզբից բուռն քննարկվող այս հարցը հանգուցալուծվեց Կառավարության այսօրվա նիստում. որոշումն ընդունվեց։

«Մենք էմոցիաների ժողովրդից պետք է ապահովենք մեր տրանֆորմացիան դեպի պետական ժողովուրդ, պետության ժողովուրդ, որովհետև, էլի եմ ասում, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է», - ասաց Փաշինյանը:

«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» փոխելու Կառավարության քայլն անընդունելի են համարել Պետհամալսարանի պատմության ֆակուլտետի դեկանը, «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակը, Պատմության ինստիտուտի տնօրենն ու այլ պատմաբաններ:

Վարչապետ Փաշինյանն էր հայտարարել, թե մի խումբ մասնագետներ են դիմել Կրթության նախարարություն դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկով՝ առանց մանրամասնելու՝ ովքեր են։

«Բացարձակապես մեզ չեն հարցրել՝ ո՛չ մեզ, ո՛չ Երևանի Պետական համալսարանին, ո՛չ Մանկավարժական համալսարանին, և քաղաքական որոշում է կայացվել, ինչպես հաճախ մեզ մոտ լինում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Մելքոնյանին չեն համոզել դասագիրքը անվանափոխելու վարչապետի հիմնավորումները։ Հայոց պատմությունն էլ է նշանակում Հայաստանի պատմություն, պարզաբանում է պատմաբանը. - «5-րդ դարից` Ագաթանգեղոս, Խորենացի, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, հետագայում արդեն՝ Սեբեոս, Դրասխանակերտցի, 18-րդ դարում՝ Միքայել Չամչյան, 19-րդ դարում՝ Անտոն Գարագաշյան, Ղևոնդ Ալիշան, Ստեփան Բալասանյան, 19-ի վերջ - 20-ի սկիզբ՝ Լեո՝ Առաքել Բաբախանյան, այսինքն՝ հայ պատմագիտության խոշորագույն դեմքերը Հայոց պատմությունն են ընտրել, որը նշանակում է Հայքերի պատմություն՝ Մեծ և Փոքր Հայքերի, և գրաբարով Հայք ձևը՝ Հայքեր, այսինքն՝ երկու Հայաստաններ՝ Մեծ և Փոքր Հայք իմաստով, գրաբարի խոնարհված ձևով կդան արդեն Հայոց պատմություն, որ կնշանակի Հայաստանների պատմություն»:

Փաշինյանը բացատրում է, թե այս փոփոխության հիմքում էլ պետականության ու անկախության քաղաքականությունն է։

«Ո՞րն է տարբերությունը Հայաստանի պատմության և Հայոց պատմության. Հայաստանի պատմությունը պետության գոյության, զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով։ Սա շատ կարևոր և հայեցակարգային տրամաբանություն է», - ասում է վարչապետը:

«Երբ խոսում է Արտաշեսյանների մասին Մովսես Խորենացին, պետականություն չենք ունեցե՞լ, Տիգրանի շրջան չի եղե՞լ, Արտաշես չի եղե՞լ, եղել է, բա ինչո՞ւ է կոչվում Հայոց պատմություն: Սա ճիշտ բացատրություն չի, մեղմ ասած», - հակադարձում է Աշոտ Մելքոնյանը:

Ինչո՞ւ է Կառավարությունն այս փոփոխությունն անում։ Պատմաբանը դրդապատճառը չգիտի, քանի որ իրենց հետ չեն քննարկել հարցը, բայց ենթադրում է՝ զիջողական քաղաքականության շրջանակում է։

«Քաղաքականության մեջ ես զիջողականություն եմ տեսնում՝ հենց այդ նույն պետականության ու սուվերենության առումով, եթե սրա մեջ կա քաղաքականություն: Իսկ գիտականության առումով, նորից եմ կրկնում, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, որ Հայոց պատմություն տարբերակը շատ ճիշտ է», - ընդգծում է Մելքոնյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, թե «Հայոց պատմության» բովանդակությունը կպահպանվի նաև «Հայաստանի պատմության» դեպքում։ Ուսուցման մեթոդաբանությո՛ւնը կփոխվի, պատմությունը ներկայացնելու ձևը։ Ուսումնական նյութերն ու դասագրքերի վերանայման աշխատանքներն առջևում են։

XS
SM
MD
LG