Մատչելիության հղումներ

«Հայոց պատմության» փոխարեն կդասավանդվի «Հայաստանի պատմություն»․ կառավարությունն ընդունեց որոշումը


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Դպրոցներում «Հայոց պատմության» փոխարեն կդասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկան․ կառավարությունն այսօր ընդունեց որոշումը։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրային կյանքի կենտրոնում պետք է դնել պետությունը։

«Իմ գնահատմամբ, մենք մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշատարկ, որտեղից աշխարհը երևում է բոլորովին այլ կերպ։ Սա չափազանց կարևոր պրոցես է, այստեղ միայն անունների փոփոխության մեջ չէ», - ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ եթե ուզում են, որ պետության ուժեղացման, կայացման և պետության հարատևության ապահովման պրոցեսները տեղի ունենան, պետք է այդ խնդրի լուծումը գտնել այդ թվում՝ կրթության ոլորտում։

Ո՞րն է տարբերությունը «Հայաստանի պատմության» և «Հայոց պատմության»․ Փաշինյանը պարզաբանեց․ - «Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը՝ պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով»։

Վարչապետի խոսքով՝ կառավարության համար առանցքային է պետության հարատևությունն ապահովելու ռազմավարությունը, և դա պետք է տեղի ունենա նախ սոցիալ-հոգեբանության մեջ։

«Մենք էմոցիաների ժողովրդից պետք է ապահովվենք մեր տրանսֆորմացիան դեպի պետության ժողովուրդ, որովհետև պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, և այն պետք է հետևողական ներդրվի Հայաստանի Հանրապետությունում ամբողջական, պրոգրեսիվ ձևով», - եզրափակեց վարչապետը։

Դեռ փետրվարին կրթության նախարար Ժաննա Անդրեսայանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր․ - «Մենք ապրում ենք Հայաստանում և դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն»։

Սա նախարարի պատասխանն էր այն բուռն քննադատությանը, որ ծավալվում էր դպրոցներում «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու թեմայով:

«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու թեմայի շուրջ վեճը հիմնականում իշխանական ու դաշնակցության պատգամավորների միջև էր։ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն էր հայտարարել, թե «Հայաստանի պատմություն» անվան դեմ հանդես եկողները Հայաստանի դեմ են:

Հայաստանի պատմագիտական շրջանակները, Ակադեմիայի պատմության ինստիտուտը, Պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, մեղմ ասած, չեն ողջունել Կրթության նախարարության այս նախագիծը, այն հիմնավորմամբ, որ հայոց պատմությունը դա հենց Հայաստանի ու հայերի պատմությունն է՝ իր պետականության պատմությամբ հանդերձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG