Գլխավոր դատախազությունն ավելի քան 2 շաբաթ է չի հստակեցնում՝ արդյոք տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումների փաստով քրեական վարույթ կա՞։
Մամուլը տևական ժամանակ գրում է միլիոնավոր դոլարների վատնման մասին։ Նոյեմբերի 5-ին դատախազությանը հասցեագրված «Ազատության» նամակը, որտեղ նաև ենթադրյալ մեղադրյալի մասին էինք հարցրել, դեռ անպատասխան է, չնայած պատասխանելու օրենքով սահմանված ժամկետն անցել է։ Ամեն դեպքում մինչ այս պահը չեն հերքել քրեական գործի առկայությունը։
«Որ մարմինն է հարուցել և արդյոք դա վերաբերում է արբանյակի պարամետրերին, թե միլիարդավոր դոլարների մսխումներին, ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ», - ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, իսկ նրա տեղակալ Գևորգ Մանթաշյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ նախարարությունում քրեական գործի մասին տեղյակ չեն, պայմանագրի դրույթներն էլ կատարել են։
Վատնումների մասին հրապարակումներում շրջանառվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի անունը, այս ծրագիրը մեկնարկել էր նրա՝ բարձր տեխնոլոգիաների նախարար եղած ժամանակ։ Նախագահականից միայն փոխանցեցին, թե այդ լուրերը չեն մեկնաբանում։
Armsat 1-ը SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս եկավ 2022 թվականի մայիսին Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Նախագիծը համատեղ իրականացնում են հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «Սատլանտիս» ընկերությունները։
Թե որքա՞ն է վճարել Հայաստանը արբանյակի և այն տիեզերք ուղարկելու համար՝ պաշտոնապես չհայտարարվեց. բայց հայտնի է, որ 22 թվականի ապրիլին կառավարությունը մոտ 7 միլիոն դոլար էր հատկացրել իսպանական «Սատլանտիս»-ի հետ պայմանագիր կնքած հայկական «Գեոկոսմոս»-ին։ Արդյոք այդ գումարը արբանյակի և դրա տիեզերք արձակման ամբողջ ծա՞խսն է ծածկել, հայտնի չէ:
«Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում», - երկու տարի առաջ կառավարության նիստում հայկական արբանյակից այսպիսի մեծ ակնկալիքներ ուներ վարչապետ Փաշինյանը։
Դրանից հետո քար լռություն. ի՞նչ տվյալներ ստացան, ինչի՞ համար օգտագործվեցին, արդյոք սահմանների հսկողություն իրականացվո՞ւմ է, ի վերջո, ի՞նչ օգուտ տվեց արբանյակն այս երկու տարիների ընթացքում։
Ըստ «Սատլանտիս»-ի գլխավոր գործադիր տնօրենի՝ տվյալները նպատակային չեն օգտագործվում, ԲՏԱ փոխնախարարը հակադարձում է
Ֆինանսական վատնումների լուրերի ֆոնին իր մտահոգությունն է բարձրաձայնում իսպանական կողմը։ «Սատլանտիս»-ի գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանը կարծում է՝ հսկայական ծավալի տվյալները նպատակային չեն օգտագործվում։
«Ստացվում է, որ իրենք իրենց պարտավորությունները չեն կատարել, որովհետև իրենք պետք է մեզ ուսուցանեին, և մենք կարողանայինք վերլուծել: Մենք պատկերները ստացել ենք, պատկերների վերլուծումը մեր նախարարության ու «Գեոկոսմոս»-ի ներքին գործընթացների մասին են հուշում ու իսպանական գործընկերները պարզապես մեր գործընթացներին ներքին հասանելիություն չունեն, հետևաբար այդ ձրևակերպման վերաբերյալ ես մի քիչ վերապահում կունենայի», - հակադարձում է ԲՏԱ փոխնախարարը՝ ընդգծելով՝ զգայուն թեմա է, շատ փակագծեր չեն բացում, բայց իրենց կատարած աշխատանքը վարչապետի թվարկածի մեջ տեղավորվում է։
Նախարարն էլ վերջերս պնդեց՝ տվյալները պետական գաղտնիք են, անհրաժեշտության դեպքում գուցե որոշ լուսանկարներ կհրապարակեն։
Իսպանական կողմն ընդգծում է՝ մինչև Երևանը հապաղում է, Բաքուն ակտիվորեն լուրջ ներդրումներ է անում տիեզերքում։
Ադրբեջանի պետական «Ազերկոսմոս» գործակալությունը Հայաստանի հետ միաժամանակ տիեզերք նոր արբանյակ արձակելու աշխատանք էր սկսել: Պաշտոնական Բաքուն այն ժամանակ ենթադրում էր, որ այն ամենայն հավանականությամբ տիեզերք կարձակվի 2025-26 թվականներին։ Անցած տարի էլ առաքելությունն ավարտել էր Երկրի հեռավար զոնդավորման միակ ադրբեջանական արբանյակը՝ Azersky-ը։ Սա Ադրբեջանին պատկանող երեք արբանյակներից մեկն էր, մյուս երկուսը կապի արբանյակներ Azerspace-1 և Azerspace-2 են:
Armsat 1-ը տիեզերքում 4 տարի պետք է մնա։ Այս պահին, ըստ իսպանացի մասնագետի, այն 450 կմ բարձրության վրա է և իր գոյութան վերջին փուլում։
Armsat 1-ից բացի հայկական արտադրության մեկ այլ արբանյակ էլ կա տիեզերքում՝ «Հայասաթ-1»-ը։ Այն մեկ տարի առաջ արձակվեց, կյանքի տևողությունն էլ հինգ տարի է։ Այս մեկի օգուտների ու արդյունքների մասին ևս դեռ ոչինչ հայտնի չէ։