Մատչելիության հղումներ

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել, այն աշխատանքային վիճակում է


«Հայասաթ-1» հայկական արտադրության առաջին միկրոարբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել, այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները, հայտնում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան:

«Հայասաթ-1»-ը դեկտեմբերի 1-ին էր տիեզերք ուղարկվել ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով:

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ավետիք Գրիգորյանն ասում է՝ թռիչքից հետո իրենք շունչները պահած սպասում էին, որ արբանյակը կարողանար իր տեղը գտնել ուղեծրում, բացեր ալեհավաքներն ու ազդանշան տար:

Ավետիք Գրիգորյանն ասում է՝ հիմա էլ լարված փուլ է՝ պիտի սկսեն ուսումնասիրել, հասկանալ ինչպես է աշխատում, կառավարվում արբանյակը ուղեծրում, տվյալներ հավաքեն, հաշվարկներ անեն, հարթեն հնարավոր խնդիրները:

«Այդ տեսակ բաները հիմա պետք է շատ զգույշ ուսումնասիրենք, հասկանանք, իմանանք, թե ոնց է պետք իր հետ աշխատել, ի վերջո, ինքը հիմա մեզնից անկախ է, իր բնավորությունն ունի, մենք իր հետ պիտի հաշվի նստենք, չենք կարող ուզած ձևի փոփոխել, հետևաբար պետք է հասկանանք՝ էդ երեխայի հետ ոնց ենք խոսելու», - ասաց «Բազումք»-ի ղեկավարը:

Այս արբանյակը միջինը 5 տարվա կյանք ունի, մի քանի տարի անց, վերջնաժամկետի մոտ արդեն նաև կսկսեն փորձեր իրագործել, օրինակ, երկրից փոխել արբանյակի ծրագիրը: Այս ողջ նախագիծը մի մեծ փորձ է, ուսուցողական բոլորի համար, առաջին քայլ, որը հնարավորություն կստեղծի հաջորդ քայլերի համար: Քննադատողներին Գրիգորյանը պատասխանում է՝ նորածին երեխայից մարաթոնյան վազք չի կարելի պահանջել:

«Հայասաթ-1»-ը հայկական երկրորդ արբանյակն է, որն արձակվել է տիեզերք, սակայն առաջինն է, որը մշակվել ու ստեղծվել է հայ մասնագետների կողմից՝ Հայաստանում: Ի տարբերություն լիովին հայկական արտադրության «Հայասաթ»-ի, առաջին արբանյակը՝ «Ուրդանետա -Արմսաթ 1»-ը իսպանական «Աատլանտիս» ընկերությունն էր մշակել:

«Հայասաթ»-ն ու «Արմսաթ»-ը նաև տարբերվում են նրանով, որ «Հայասաթ»-ը մասնավոր նախագիծ է, իրագործվել է երկու հիմնադրամների ուժերով, իսկ «Արմսաթ»-ը՝ պետական:

Իսկ ի՞նչ վիճակում է Հայաստանի առաջին արբանյակը, ի՞նչ է փոխանցում, ինչպե՞ս է կառավարվում: «Ուրդանետա Արմսաթ-1»-ը երկրի ուղեծիր դուրս էր բերվել 2022 թվականի մայիսին, Այն նույնպես միկրոարբանյակ է, «Հայասաթ»-ից ավելի մեծ, ունի նաև տեսանկարահանող սարք, և թռիչքից կես տարի անց՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդեց, որ արբանյակից լուսանկարներ են ստացել, անցած տարի հայտարարվեց նաև, որ արբանյակի կառավարման կենտրոնը պիտի գործի Հայաստանում:

Նախարարությունից այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ կենտրոնը գործում է, սակայն տեղակայման վայրը դեռ ժամանակավոր է, շուտով կտեղափոխվի արդեն հատուկ իր համար նախատեսված վայր:

XS
SM
MD
LG