Մատչելիության հղումներ

Հասանովը ստուգել է ադրբեջանական բանակի մարտական պատրաստությունը Հայաստանի հետ սահմանին


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտական պատրաստությունը Հայաստանի հետ պայմանական սահմանին։

Ադրբեջանական ԱՊԱ-ն, ՊՆ-ին հղում անելով, հայտնում է, որ «ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն, և շարունակական ծառայություն է իրականացվել առօրյայի կանոններին համապատասխան»։

Հանդիպելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ՝ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել զինծառայողների մարտական և հոգեբանական պատրաստվածությունը։

«Գեներալ-գնդապետ Հասանովը համապատասխան անձանց առջև դրել է կոնկրետ խնդիրներ՝ ծառայողական ու մարտական գործողություններն ավելի լավ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու համար», - ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

Բաքուն այս և նախորդ շաբաթներին հաղորդագրություններ էր տարածել՝ մեղադրելով Հայաստանի զինված ուժերին սահմանին կրակ բացելու մեջ։ Հայկական կողմը հերքել է բոլոր այդ պնդումները՝ հիշեցնելով, որ վարչապետի աշխատակազմն ավելի վաղ առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

XS
SM
MD
LG