«Բաղրամյան» զորավարժարանում այսօր օպերատիվ հավաքների շրջանակում անցկացվել են ռազմական տեխնիկայի ցուցադրություն, մարտական հրաձգություն: Դրանց հետևել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են պայմանական մարտական դիրքերի պահպանությունից պաշտպանության անցնելու մի շարք սցենարներ, կիրառել տարբեր զինատեսակներ՝ բնագիծն անխոցելի դարձնելու նպատակով:
Պաշտպանության նախարարը և ԶՈՒ բարձրագույն սպայակազմը զորախաղին հետևել են նաև տարատեսակ ԱԹՍ-ների նկարահանումների միջոցով:
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին, ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախարարն ընդգծել է ռազմարդյունաբերողների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զինված ուժերը նորարար և արդյունավետ զինատեսակներով համալրելու համար:
Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարն օպերատիվ հավաքների մասնակից սպայակազմի հետ քննարկել է այս շաբաթ իրականացված համալիր միջոցառումները, ամփոփել քառօրյա հավաքները և տվել համապատասխան հանձնարարականներ: