Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստ զինյալների հարձակումը Սիրիայի հյուսիսում շարունակվում է։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի զինյալներն այժմ մարտեր են վարում Սիրիայի մեծությամբ չորրորդ քաղաքի՝ Համայի մատույցներում։
Reuters-ի տեղեկություններով՝ այժմ կատաղի մարտեր են ընթանում Համայից 5 կիլոմետր հյուսիս գտնվող Ջաբալ Զայն-ալ-Աբիդին բարձունքի համար, որը գերակա դիրք ունի թե' քաղաքի և թե' Հալեպ-Դամասկոս մայրուղու նկատմամբ։ Գործակալության փոխանցմամբ` իսլամիստներն անցած գիշեր ստիպված են եղել նահանջել լեռնա ստորոտում զբաղեցրած դիրքերից։
Իսլամիստների առաջխաղացումը զսպող գլխավոր գործոնները Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներն են, որոնք կարողացել են շահեկան դիրքեր զբաղեցնել Համայի մերձակայքում, ինչպես նաև նրանց օդից աջակցող ռուսական և սիրիական ռազմական օդանավերը։ Արևմուտքում, մինչդեռ, պնդում են, որ օդային այս հարվածների թիրախում շատ հաճախ ոչ թե իսլամիստ զինյալներն են հայտնվում, այլ խաղաղ բնակիչները։
«Այն հանգամանքը, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ը թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց է ճանաչվել, չի արդարացնում Ասադի վարչակազմի և դրա ռուսաստանցի աջակիցների կողմից իրականացվող վայրագությունները։ Նոյեմբերի 27-ից ի վեր սիրիական վարչակազմի ու դրա ռուսաստանցի աջակիցների կողմից Իդլիբում և Հալեպում գտնվող դպրոցներին և հիվանդանոցներին հասցված հարվածները զոհերի են հանգեցրել քաղաքացիական բնակչության շրջանում», - անցած գիշեր Նյու Յորքում՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարում էր ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ռոբերտ Վուդը:
Մոսկվան, սակայն, այս մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ Արևմուտքը չպետք է խառնվի սիրիական զարգացումներին, և ճգնաժամի հանգուցալուծմամբ պետք է զբաղվեն բացառապես տարածաշրջանային ուժերը՝ նախևառաջ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Այս միտքը երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։
Մոսկվայի և Անկարայի տեսակետներում, այդուհանդերձ, տարբերություններ ևս կան։
Այսպես, Կրեմլի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք՝ Ռուսաստանի նախագահն Էրդողանին փոխանցել է, որ ինքը իսլամիստների վերջին հարձակումն «ահաբեկչական ագրեսիա է համարում, որին պետք է շուտափույթ վերջ տրվի, իսկ Սիրիայի օրինական իշխանություններին հարկավոր է աջակցություն ցուցաբերել երկրի ողջ տարածքում սահմանադրական կարգը վերականգնելու համար»։ Ճիշտ է, Մոսկվայում նշում են, որ դա պետք է արվի նաև «տարածաշրջանում Անկարայի հնարավորություններն օգտագործելով»։
Անկարայում, սակայն, վստահ են՝ առանց Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների հետ բանակցությունների Բաշար Ասադի կառավարությունը խաղաղություն հաստատել չի կարող։
«Մեր մեծագույն ցանկությունն է, որ 13 տարի շարունակված անկայունությունից հետո Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը վերականգնվեն՝ փոխհամաձայնության և սիրիացի ժողովրդի օրինական պահանջների հիման վրա», - Անկարայում հնչեցրած ելույթում հայտարարում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Սիրիական զարգացումներին հետևող փորձագետներից շատերի համոզմամբ, մինչդեռ, Թուրքիայի նպատակները միանգամայն այլ են ու բազմազան՝ ոչ միայն թուլացնել Բաշար Ասադի դիրքերը՝ ստիպելով նրան բանակցությունների մեջ մտնել Անկարայի հետ, այլև չեզոքացնել սիրիացի քրդերի գործոնը։ Այս վերջին հարցում Թուրքիան ու նրա դաշնակիցներն արդեն իսկ որոշակի հաջողություններ արձանագրել են։ Հալեպից հյուսիս տեղակայված քրդական մի քանի անկլավների՝ այդ թվում հոծ բնակչություն ունեցող Թալ-Ռիֆաթի բնակիչները վերջին օրերին զանգվածաբար լքել են իրենց տները։ Որոշ գնահատականների համաձայն՝ արդեն առաջիկա օրերին բռնի տեղահանված քրդերի թիվը կարող է հասնել 150 հազարի: