Արդարադատության միջազգային դատարանն այսօր Երևանի ժամանակով ժամը 18-ին կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։
Հաագային դատարանում Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։
2023-ի օգոստոսի 21-ին Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը։ Իսկ այս տարվա ապրիլի 15-19 կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը:
Դեռ տարեսկզբից Բաքվից ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունն ու օրենսդրական ակտերը փոխելու պահանջ էր ներկայացվում, այլև խնդրահարույց էր համարվում Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնիսկ ընդգծել էր այդ հայցերից հրաժարվելու կարևորությունը:
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվել և քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը: Միաժամանակ ասել էր, թե լուծումը պետք է թողնել բանակցությունների վերջին փուլին, երբ խաղաղության դրույթները համաձայնեցված կլինեն:
Արդյոք Բաքուն պատրաստ է հրաժարվել Հայաստանի դեմ ներկայացված ու հնարավոր հայցերից՝ վարչապետն այն ժամանակ չէր հստակեցրել։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր, որ հայցերից հրաժարվելու վերաբերյալ տեղեկություն չկա, և հայկական կողմը շարունակում է դրանց ուղղությամբ աշխատել։