Մատչելիության հղումներ

Արդարադատության միջազգային դատարանը շարունակում է լսել Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցը


Նիդերլանդներ - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում, արխիվ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը արդեն երկրորդ շաբաթն է քննում է Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ ներկայացրած գանգատները։ Այսօր դատարանը լսում էր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակում։

Երևանն ու Բաքուն իրար մեղադրում են ատելության քաղաքականություն վարելու համար։ Նույն դատարանի՝ անցած ամիսներին կայացրած վճիռներն արհամարհած Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր հայտարարում էր՝ Հայաստանը ռասիստական քաղաքականություն է վարել ադրբեջանցիների նկատմամբ։

«Ապօրինի կերպով ներխուժելով և օկուպացնելով Ադրբեջանի տարածքը, Հայաստանը հետագա տասնամյակների ընթացքում շարունակել է իրականացնել լայնածավալ ռասիստական քաղաքականություն, որն էլ Ադրբեջանի հայցի առարկան է։ Հայաստանի արշավը ներառել է մի շարք գործողություններ՝ այդ թվում պայթուցիկ թակարդների և ականների տեղադրումը, ինչպես նաև կործանարար ազդեցություն օկուպացված տարածքների շրջակա միջավայրի և պաշարների վրա: Այդ ամենն ուղղված էր տեղի ադրբեջանական բնակչության դեմ կամ նրա վերադարձը կանխելու դեմ», - պնդեց Մամեդովը:

Հայաստանի ենթադրյալ ազգայնական, խտրական քաղաքականության մասին խոսելիս Ադրբեջանի փոխարտգործնախարարը մատնացույց էր անում, իր խոսքով, վերջերս Երևանի կենտրոնում տեղի ունեցած մի երթ, պնդում, թե այն նվիրված էր Գարեգին Նժդեհին, որին Բաքուն համարում է ֆաշիստ. - «Մի պետության համար, որն իբր հավատարիմ է ռասայական խտրականությունը վերացնելուն, ես զարմանում եմ, թե ինչու է Հայաստանն այսօր թույլ տալիս, որ օրը ցերեկով նման շքերթներ անցկացվեն իր մայրաքաղաքում»:

Երեկ դատարանում նույն գործով լսումների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող միջազգային դատարանի իրավասության սահմաններից դուրս հայց ներկայացնել, շեշտելով, որ Բաքուն խոսում է Ղարաբաղյան առաջին պատերազմի՝ մինչև 1996 թվականին Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի մասին։

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը 30 տարի անց մեղադրանք առաջադրի ենթադրյալ խախտումների մասին, երբ շատ վկաներ մահացել են, շատ ապացույցներ՝ անհետացել», - ընդգծել է Հայաստանի ներկայացուցիչը:

Կիրակոսյանը պնդում էր, որ այդ նույն տարիներին Ադրբեջանն է էթնիկ հայերի նկատմամբ բռնություններ իրականացրել, հիշեցնելով Բաքվում, Սումգայիթում 1980-ականների վերջին ու 90-ականներին տեղի ունեցած հայերի սպանությունները, բռնաբարությունները։

Ադրբեջանցի պաշտոնյան, մինչդեռ, հույս է հայտնել, որ դատարանը կմերժի հայկական կողմի առարկությունը, հաշվի առնելով, ինչպես Մամեդովն է ասել, Ադրբեջանի ներկայացրած ապացույցները։

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը նաև պնդել է՝ Երևանը Բաքվի դեմ իր գանգատը ներկայացնելիս շտապել է՝ չսպասելով հայ - ադրբեջանական բանակցությունների արդյունքներին։

Անցած ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր , որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվել և քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը: Միաժամանակ ասել էր, թե լուծումը պետք է թողնել բանակցությունների վերջին փուլին, երբ խաղաղության դրույթները համաձայնեցված կլինեն:

«Եթե մենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, ես չեմ բացառում ու նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք, խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի Հանրապետության պարագայում, նաև նման լուծման գնալը», - շաբաթներ առաջ ասել էր Փաշինյանը:

Հաագայի դատարանը լսումները կշարունակի նաև առաջիկա օրերին, ինչից հետո կսկսի ուսումնասիրել կողմերի փաստարկները, ապա կանցնեն ապացույցներին, և վերջում կհրապարակվեն վճիռները, ժամկետներ չեն նշվում:

XS
SM
MD
LG