Մատչելիության հղումներ

Արդարադատության միջազգային դատարանում վերսկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները


Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ
Նիդերլանդներ - Արդարադատության միջազգային դատարանի շենքը Հաագայում, արխիվ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում վերսկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումները։ Մինչև ապրիլի 19-ը միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը՝ երկու փուլով։

Այսօրվա լսումները սկսվեցին ադրբեջանական կողմի առարկություններով։ Ադրբեջանի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն իր ելույթի մեծ մասը նվիրեց պատերազմին նախորդող և հաջորդող հետևանքներին՝ պնդելով, թե Հայաստանը չկարողացավ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ փորձելով լուծել վեճը։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած գանգատը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում է, Երևանի դիմումները վերաբերում են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից ատելության քաղաքականությանը։

Ադրբեջանի ներկայացուցչի պնդմամբ, սակայն, միջազգային դատարանին ուղղված Հայաստանի բողոքն ըստ էության պետք է մերժվի, քանի որ այդ հարցերը դատարանի իրավասության ներքո չեն։

«Ադրբեջանը ոչ մի կերպ չի ընդունում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումները: Ընդհակառակը, շատ լուրջ է վերաբերվում նման մեղադրանքներին», - ասաց Մամեդովը:

Միջազգային բազմաթիվ զեկույցների համաձայն անազատ դատական համակարգ ունեցող Ադրբեջանի ներկայացուցիչը պնդում էր, թե ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի խուսափում իր քաղաքացիներին դատապարտել, երբ մեղադրանքն ապացուցվում է դատավարության ընթացքում:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը վաղը կներկայացնի իր
առարկությունները։

Անցած ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր՝ Բաքվի հետ բանակցություններում քննարկվել և քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված գանգատներից հրաժարվելու հարցը: Միաժամանակ ասել էր, թե լուծումը պետք է թողնել բանակցությունների վերջին փուլին, երբ խաղաղության դրույթները համաձայնեցված կլինեն:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էր, որ հայցերից հրաժարվելու վերաբերյալ տեղեկություն չկա, և հայկական կողմը շարունակում է դրանց ուղղությամբ աշխատել։

«Մենք այն, ինչ որ տարել ենք մինչև հիմա, շարունակում ենք տանել առաջ՝ բոլոր իրավական գործընթացները և՛ Եվրոպական դատարանում, և՛ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում», - ասել էր Դրմեյանը:

Բացի Հաագայի դատարանից, Հայաստանն Ադրբեջանի դեմ չորս միջպետական գանգատ է ներկայացրել նաև Եվրոպական դատարան։
Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված հայերի նկատմամբ ապօրինի դատավարություններին, երրորդ բողոքը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, չորրորդ գանգատը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը:

Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցադիմումի բանավոր լսումները տեղի կունենան ապրիլի 22-26-ը։

XS
SM
MD
LG