Մատչելիության հղումներ

Գրիգորյանը մտավախություն չունի, թե Ադրբեջանը չի վավերացնի սահմանազատման կանոնակարգը

Լրացված

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այս պահին քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

Հիմնական զեկուցողն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նախքան նիստի մեկնարկը, Գրիգորյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց, որ մտավախություն չունի, թե Ադրբեջանը չի վավերացնի կանոնակարգը։

«Ես կարծում եմ սինխրոն էլ ընթանում է գործընթացը, ուղղակի չգիտեմ՝ որ փուլում է Ադրբեջանի Հանրապետությունում գործընթացը, բայց ստորագրման պահին և ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի գործընթացը», - ասաց Գրիգորյանը։

Արդեն քննարկմանը փոխվարչապետը պարզաբանեց՝ կանոնակարգերի վավերացումներից հետո կողմերի միջև պետք է ծանուցումների փոխանակում տեղի ունենա, եթե դա չլինի գործընթացն ավարտված չի համարվի։

Ըստ Գրիգորյանի՝ կանոնակարգը որևէ պատրվակով Ադրբեջանի կողմից չվավերացնելը բացատրություն չի ունենա։

«Բայց, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլ, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ մենք, միջազգային իրավունքի համաձայն, փոխանակվենք ծանուցումների բնօրինակներով։ Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն, ծանուցումերի փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի։ Ես կարծում եմ՝ մենք չենք ունենա իրավական մի իրավիճակ, որ մեր վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ ադրբեջանական կողմում չունենանք վավերացված տեքստը»։

Գրիգորյանը նաև ասաց՝ որևէ սկզբունք չկա, թե ոնց են շարունակվելու սահմանազատման հաջորդ փուլերը։

Քննարկմանը ներկա են նաև խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։

Ընդդիմադիրների դժգոհությանը, թե ինչո՞ւ չկա քարտեզ կանոնակարգում, փոխվարչապետն արձագանքեց. - «Մեկ քարտեզին հղում տալը շատ ռիսկային կլինի, դա է պատճառը, որ կանոնակարգում հղում չենք տվել։ Վերաբերելի քարտեզի տակ չենք ընկալում նկարներ, այլ իրավական հիմք և հենք ունեցող քարտեզներ են լինելու»։

Օգոստոսի 30-ին ստորագրված սահմանազատման կանոնակարգը Կառավարությունը խորհրդարան է ուղարկել սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանն այն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել:

Հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստանալու դեպքում կընդգրկվի առաջիկա նստաշրջանի օրակարգ։

Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է պետք, իշխանությունն առանց ընդդիմության էլ բավարար քվեներ ունի։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները կանոնակարգի տեքստը հրապարակվելու պահից այն խնդրահարույց են համարում, դրանով նոր զիջումների վտանգ տեսնում։

«Ազատություն»-ը, նախքան նիստի մեկնարկը, նաև հետաքրքրվեց փոխվարչապետից, թե ինչո՞ւ չի շարունակվում ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովների նիստերը, Գրիգորյանը պատասխանեց․ - «Ըստ էության, գիտեք, որ կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև էդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելն ուղղակի իմաստ չունի»։

Ճանապարհների ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն սկսեցին քննարկել 44-օրյա պատերազմից հետո: Սկզբնական շրջանում բանակցությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում էին, հետագայում, սակայն, ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո հայտարարվեց՝ փոխադարձ համաձայնությամբ որոշվել է խաղաղության համաձայնագրի նախագծից հանել ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը:

Երևանը ենթակառուցվածքների ապաշրջափակման սեփական ծրագիրն առաջարկեց՝ այն անվանելով նախ հայկական խաչմերուկ, իսկ վերջին մեկ տարում՝ «Խաղաղության խաչմերուկ»: Բաքուն, սակայն, Երևանի այս նախագծի վերաբերյալ որևէ հրապարակային դիրքորոշում չի հայտնել, փոխարենն առաջ է մղել ենթակառուցվածքների ապաշրջափակման իր տեսլականը՝ անխոչընդոտ ճանապարհ դեպի Նախիջևան: Պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»։ Երևանը միջանցքի հարցը կարմիր գիծ է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG