Սա փաստաթուղթ չէ անվտանգային երաշխիքների, ռազմական փոխօգնության մասին. քաղաքագետ
Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը Հայաստանին չի պաշտպանի ադրբեջանական հարձակումից, ոչ էլ ռազմական օգնություն ու անվտանգության երաշխիքներ է տալու, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Նա փաստաթղթի շուրջ տոնախմբությունը չափազանցված է համարում:
«Սա փաստաթուղթ չէ անվտանգային երաշխիքների, ռազմական փոխօգնության մասին։ Եթե Ալիևը վաղը որոշի ինչ-որ էսկալացիա սկսել Հայաստանի դեմ, դժվար թե այդ փաստաթղթին նայի», - նկատեց նա։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավարը չի թերագնահատում փաստաթղթի կարևորությունը, այն դիվանագիտական լուրջ ձեռքբերում է համարում, նույնիսկ եթե դեռ հայտնի չէ Դոնալդ Թրամփի վարչակազմի տրամադրվածությունը: Գրիգորյանը կարծում է, որ սա երկարաժամկետ կտրվածքով հնարավորություն է Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցությունը խորացնելու համար:
Փաստաթղթին երևանյան արձագանքները բուռն են ու հակասական: Իշխանությանը սատարող արևմտամետները ցնծում են, թե կայունություն կհաստատի այստեղ, կզսպի Ադրբեջանին, և կան քաղաքական ուժեր, որ այն համարում են «վառոդի տակառ» տարածաշրջանում, ական՝ հայ-ռուսական լարված հարաբերություններում: Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ երկու ճամբարում էլ ծայրահեղության գրկում են։
Փաստաթղթով Հայաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերը, նախատեսում են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ ու ռազմական ուսուցման աջակցություն Հայաստանի զինված ուժերին: Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը: Քաղաքագետ Գրիգորյանը սա կարևոր կետերից է համարում, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության դրույթը:
«Կարծում եմ՝ էներգետիկ ոլորտն էլ է բավականին հետաքրքիր, այստեղ շեշտը դրվում է հատկապես ատոմային էներգետիկայի և վերականգնվող էներգետիկայի վրա։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ն ցանկություն և հանձնառություն ունեն՝ հենց իրենք կառուցել Հայաստանի նոր ատոմակայանը», - շեշտեց նա։
Միացյալ Նահանգները այսպիսի փաստաթղթեր ունի բազմաթիվ երկրների հետ: Դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին չէ, պարզապես գործընկերային համագործակցության մասին է, հավելեց քաղաքագետը: Ըստ նրա՝ զավեշտալի են թե Ադրբեջանին զսպելու, թե Ռուսաստանին գրգռելու քննարկումները:
Իշխանությունն այս թեման ուռճացնում է՝ ընտրություններում ձայներ ստանալու համար. Մարուքյան
«Մեր արևմտյան գործընկերները երբեք մեզ հետ անազնիվ չեն եղել», - «Ազատությանն» ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Բայց, ոչ բոլորն են անձամբ կարդալով եզրահանգել՝ ինչ կա ու ինչ չկա, ոգևորության ալիքը շատերին շփոթեցրել է, թե ռազմական համագործակցության փաստաթուղթ է, ոչ թե ռազմաբազայի մասին, նշեց Էդմոն Մարուքյանը, որ երեկվանից ճշտող զանգեր է ստացել:
«Միշտ սուտը, կեղծիքը տարածվում է ՀՀ ներսում՝ պրոպագանդայի, տարատեսակ, այսպես կոչված, փորձագետների բերանով, ովքեր գույները ճոխացնում են, բայց դա ունի հստակ նպատակ՝ էլեկտորալ նպատակ», - նկատեց նա։
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ իշխանությունն այս թեման ուռճացնում է՝ ընտրություններում ձայներ ստանալու համար, թե անվտանգության խնդիրներին դիմակայում է արևմտյան նոր դաշնակիցներով ու համագործակցությամբ:
Թե՛ նախկին պատգամավորը, թե՛ քաղաքագետը համոզված են՝ փաստաթղթի բովանդակությունն ուռճացնելով ու մարդկանց մոտ մեծ սպասումներ ձևավորելով՝ իշխանությունն ու իշխանամետ գործիչները արժեզրկում են այս կարևոր ձեռքբերումը: