Հունվարի 14-ին և 15-ին նախատեսված են բարձր մակարդակով հանդիպումներ ԱՄՆ մայրաքաղաքում, «Ազատության» հարցազրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ խոսելով հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հնարավոր համաձայնագրի մասին։
«Եթե չեմ սխալվում, ամսի 14-ին նախատեսված է հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ արդեն հեռացող ադմինիստրացիայի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։ Կլինի շատ առարկայական խոսակցություն հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ, և բնականաբար, այն, ինչ մեկնարկել էր նախորդ տարի հունիս ամսին, երբ ազդարարվեց մեկ մակարդակով բարձրացնելու վերաբերյալ մեր հարաբերությունների խորությունը, փաստաթղթի ստորագրման ամերիկյան մասը տեղի կունենա Վաշինգտոնում», - հայտնեց Արման Բաբաջանյանը։
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, հունվարի 9-ին հայտարարել էին ԱՄՆ պետքարտուղարությունից։
Ըստ նրա՝ ամենակարևորը այս պահին քննարկումն է, թե որքանով կարող է հաջորդ ադմինիստրացիայի համար այս փաստաթուղթը շարունակելի լինել։ Քաղաքական գործչի կարծիքով՝ այս պահին հիմնական ջանքը պետք է ուղղված լինի դրան։
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.