Մատչելիության հղումներ

Երևանը պատրաստ է անհապաղ ստորագրմանը, բայց տպավորություն չունի, թե Բաքուն պատրաստ է․ Միրզոյան


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳ լրատվականի

Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, արհեստական նախապայմաններ, ընդգծում է Հայաստանի արտգործնախարարը։

«Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն», - հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակում տեղի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկին՝ Folha-ին տվաշ հարցազրույցում։

Սակայն սա իրականություն դարձնելու համար, շարունակել է նախարարը, անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից․ - «Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը»։

«Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ», - ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը և հավելել․ - «Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ»։

Սակայն, շարունակել է Հայաստանի արտգործնախարարը, «ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը»։

«Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը», - վստահեցրել է Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես է եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, «քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ»։

«Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։

Մարտի 13-ին պաշտոնական Բաքուն և Երևանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականապես համաձայնեցնելու և փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտելու մասին։

Տեքստի շուրջ աշխատանքի ավարտի մասին ազդարարած Ադրբեջանի արտգործնախարարը, այդուհանդերձ, միանգամից Հայաստանից նոր ակնկալիքի մասին է խոսել, թե «հաջորդ փուլում պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումները, բացի այդ, պետք է լուծարվի Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG