Մատչելիության հղումներ

Այժմ խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է․ Վաշինգտոնը՝ Երևանի և Բաքվի համաձայնության մասին


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ, հայտարարում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», - ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն և Երևանը երեկ հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։



XS
SM
MD
LG