Մատչելիության հղումներ

Նոր Սահմանադրությունը խաղաղության պայմանագիրը վտանգող պետք է չլինի. արդարադատության նախարար


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը, խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող, հայտարարում է արդարադատության նախարար, սահմանադրական փոփոփոխությունների գործընթացը ղեկավարող Սրբուհի Գալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ընդգծել էր, թե նոր Սահմանադրությունը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բայց չէր բացատրել՝ ինչպես է դա արտահայտվելու տեքստում: Հարցի պատասխանն «Ազատությունն» այսօր փորձեց ստանալ սահմանադրական փոփոխությունների խորհուրդը ղեկավարող Սրբուհի Գալյանից:

«Խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը», - հայտարարեց նախարարը։

Որ Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը, Բաքուն է պնդում, պահանջում փոխել այն՝ վերացնելով, իրենց գնահատմամբ, փաստաթղթում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ: Հայաստանում այժմ նոր Սահմանադրության տեքստն են մշակում: Իսկ ինչո՞վ է գործող Սահմանադրությունը վտանգում խաղաղության հաստատումը, եթե նորը, ըստ նախարարի, պետք է զերծ լինի այդպիսի վտանգներից։

«Այն, որ գործողը մեր ընկալմամբ և մեր պետական մարմինների մեկնաբանությամբ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ, չի կարող խանգարել խաղաղության գործընթացին, դա փաստ է, այսինքն՝ մեր դիրքորոշումը նաև միջազգային հարաբերություններում դա է, և մեր շեշտադրումը ևս դա է։ Մենք բոլորս մեր վարքագիծը պետք է կառուցենք այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը, այսինքն՝ խնդիրը մենակ Սահմանադրությանը չի վերաբերում, խնդիրը բոլոր օրենքներին է վերաբերում և իրավական ակտերին և նաև մեր գործելաոճին՝ որպես քաղաքացիներ և նաև որպես Կառավարություն», - ասաց Գալյանը։

Արդարադատության նախարարն այսօր կրկնեց այն, ինչ տևական ժամանակ ՔՊ-ականներն են ասում, թե նոր Սահմանադրության անհրաժեշտությունից դեռ 2019-ից է խոսվել: Բայց ընդդիմադիրները հիշեցնում են՝ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել իր բնորոշած սուպերվարչապետական համակարգը, որն այդպես էլ չարեց: Իսկ այժմ, նրանց պնդմամբ, Բաքվի պահանջով է շարժվում, որ ի վերջո Սահմանադրության նախաբանից հանեն Անկախության հռչակագրի հղումը, որում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ արդարադատության նախարարի այսօրվա հայտարարությունները հակապետական են:

«Մեծ հաշվով՝ թշնամական օրակարգ է, որովհետև բոլոր էն երկրները, որոնք հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը նետում են էդ ձևակերպումը, որ «խաղաղությանը խոչընդոտում է ձեր Սահմանադրությունը», էդ մարդիկ թշնամիներ են։ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող խոչընդոտել բոլոր էն խաղաղություններին, որոնք հիմնված են հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ միջազգային իրավունքի սուբյեկտի հիման վրա», - հայտարարեց Մինասյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն այսօր էլ պնդեց՝ Սահմանադրության շուրջ քննարկումները Հայաստանի ներքին հարցերն են, արտաքին քաղաքականության հետ կապ չունեն: Արթուր Հովհաննիսյանը միևնույն ժամանակ ընդունեց՝ նոր Սահմանադրությունը անդրադառնալու է հարևանների հետ հարաբերություններին, իսկ թե ինչպե՞ս, չհստակեցրեց:

«Սահմանադրությունը պետք արտահայտի այն գաղափարախոսությունը, որը Հայաստանի Հանրապետությունում կա այսօր՝ իրական Հայաստանի, տարածաշրջանում իր հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին է, որը, այո, բխում է, բնականաբար, սահմանադրական կարգավորումներից», - ասաց Հովհաննիսյանը։

Խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է, բայց Բաքուն դրա ստորագրման համար ոչ միայն պահանջում է, որ Երևանը փոխի Սահմանադրությունը, այլ նաև լուծարի տասնամյակներ շարունակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հնարավո՞ր է Երևանը համաձայնի դա անել նախքան պայմանագրի ստորագրումը: ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ուղիղ չպատասխանեց. - «Ես չեմ ուզի «եթե, ապա», այսպես ասած, բանաձևով հարցերին պատասխանել, հատկապես որ խոսում ենք երկու երկրների հարաբերությունների մասին։ Հայկական կողմը հնարավորինս կառուցողական է»։

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը նաև Թուրքիայից են կարևորում: Այդ երկրի իշխող ուժի խոսնակն ասել է՝ Բաքվի այդ պայմանների կատարումը նոր թափ կհաղորդի նաև հայ - թուրքական կարգավորմանը:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG