Մինչ վարչապետի գլխավորությամբ կառավարության նիստին մշակութային և կրթական հարցեր էին քննարկվում, շենքի դիմաց Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը Հայաստանի օրակարգի առաջնային հարցը դարձնելու պահանջ էր հնչում՝ «Ապրելու երկիր» կուսակցության, այլ գործիչների ու գերիների հարազատների կողմից:
Անաստաս Իսրայելյալի հորաքրոջ որդին՝ Ռաշիդ Բեգլարյանը Բաքվում պահվող 23 հայերից մեկն է: Նա անցած տարի Բաքվում 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ 90-ականներին գերիներին խոշտանգելու, անօրինական զինված խմբավորումների անդամակցելու մեղադրանքներով: Արցախի Խնձրիստան գյուղում միայնակ բնակվող տղամարդն ադրբեջանցիների ձեռքում էր հայտնվել ու ձերբակալվել 2023 թվականի օգոստոսին՝ Աղավնո գյուղի տարածքից։ Ըստ հայկական կողմի՝ նա մեկ այլ գյուղ գնալու ճանապարհին մոլորվել էր:
Այսօրվա ակցիայի մասնակիցները կառավարությունից հարցնում էին՝ ի՞նչ հաշտություն և խաղաղության պայմանագիր, եթե Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով, կեղծ դատավարությամբ հայերն են դատվում:
«Սա համամարդկային հարց է, այստեղ որևէ պետությունն չկա, որ 2-րդ կարծիք ունի, որ գերիները պետք է վերադարձվեն, ուղղակի Հայաստանի իշխանություններն օրակարգից հանել են, պիտի պահեին օրակարգում, պիտի բանագնացներ ունենային այս հարցով բանակցելու, քննարկելու, սա պիտի խաղաղության օրակարգի կարևորագույն պայման լիներ, բայց նրանք ամբողջությամբ հանել են», - ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Գերիների հարցը խաղաղության պայմանագրում ներառված չէ, բայց իշխանությունները վստահեցնում են, թե հարցը քննարկում են: Այդուհանդերձ, վարչապետն անցած շաբաթ խոստովանել էր՝ համաձայնություն չկա:
«Եթե չի լուծվել հարցը, դա նշանակում է, որ համաձայնություն չկա: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում», - ասել է վարչապետը:
Հայաստանի արտգործնախարարն էլ երեկ բրազիլացի գործընկերոջ հետ հանդիպմանն է անդրադարձել հայ ռազմագերիներին:
«Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը», - ասել է Հայաստանի գլխավոր դիվանագետը:
Իշխանության աշխատանքը հավաքվածներին չի գոհացնում, ավելին՝ Մանե Թանդիլյանը պնդեց՝ իշխանությունը թեման մոռացության մատնելու հակում ունի, իսկ իրենք փորձելու են թեման պահել օրակարգում։
«Սփյուռքում գործող տարբեր կազմակերպություններ, լոբբիստական խմբեր, նաև տարբեր կառույցներ միջազգային, որոնց հետ մենք շփվում ենք, ասում են՝ ձեր իշխանությունների օրակարգում սա չկա, մենք կարող ենք աջակցել, բայց չենք կարող մենք լինել սրա առաջ տանողը: Ասեք՝ քանի՞ անգամ են հանդիպել պատանդների ընտանիքների հետ, քանի՞ անգամ, եթե ասելիք ունեն, ներկայացնելու բան ունեն, թող պատմեն՝ ինչ են արել, ընտանիքների հետ պետք է ամենօրյան կապի մեջ լինեին նրանք, ենթադրենք, եթե ոչ բոլորն է հրապարակային, իսկ ընտանիքներին կարո՞ղ էիք ասել, թե՝ ոչ», - նշեց Թանդիլյանը:
Հավաքվածները դեմ են միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչմանը, ինչը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կետերից մեկն է: Իշխանությունները հայտարարել են, թե հայցերը հետ են կանչվելու փոխադարձության սկզբունքով ու պայմանագրի կնքումից հետո:
«Դրանք հայցեր են, որոնք ուղղված են մարդու իրավունքների դեմ իրականացված հանցագործություններին, դրանք իրականացնողները պետք է պատժվեն, եթե պատժված լինեին, այսօր Բաքվում հայեր չէին խոշտանգվի», - ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մանուկյանը:
3500 ստորագրություն՝ հայ ռազմագերին ազատ արձակումը Հայաստանի թիվ մեկ օրակարգ բերելու պահանջով
Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերին ազատ արձակումը Հայաստանի թիվ մեկ օրակարգ բերելու պահանջով ստորագրահավք էր սկսվել. 3500 ստորագրություն ներկայացվել է կառավարությանը: Անհրաժեշտ քայլերը, ըստ ստորագրահավաքը նախաձեռնած Լոռի Ենիգոմշյանի, Բաքվում դատվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերն է առաջարկել:
«Նրանց ազատ արձակումը գերխնդիր հռչակել, նրանց ազատ արձակման շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, մամուլի ասուլիս հրավիրել՝ արծարծելու այս հարցը, խնդրել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդներ ուղարկել տեղի ունեցող դատավարություններին», - նշեց Ենիգոմշյանը:
Բաքվի ռազմական դատարանում այս օրերին շարունակվում է 16 հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը՝ անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ: Ադրբեջանը մտադիր է փակել Կարմիր խաչի գրասենյակը, որը ընտանիքների ու բանտարկված հայերի հետ շփումն ապահովող միակ միջազգային անկախ կառույցն է: