Իրանի վրա Իսրայելի նախատեսվող ավիահարվածի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կասկածանքով ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ, FBI) ձերբակալել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակից Ասիֆ Ռահմանին։
«Հույժ գաղտնի», կնքված փաստաթուղթը հրապարակվել է Մերձավոր Արևելքին առնչվող տելեգրամյան ալիքում։ Նշվում է, որ այդ արտահոսքի պատճառով էլ Իսրայելը ստիպված է եղել հետաձգել հարվածը և այն իրագործել է հոկտեմբերի վերջին։
Վիրջինիայի դատարանում Ռահմանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ ազգային պաշտպանության տեղեկատվությունը գիտակցաբար թաքցնելու և փոխանցելու մեղադրանքով: Նա ձերբակալվել է նոյեմբերի 12-ին Կամբոջայում և տեղափոխվել Գուամի դաշնային դատարան։
Իսրայելի և Իրանի հարաբերությունները կրկին սրվեցին հոկտեմբերին, երբ Իսրայելը հոկտեմբերի 26-ին հարվածեց Իրանի ռազմական օբյեկտներին։ Թել Ավիվը հայտարարեց, որ սա Իսրայելի պատասխանն էր հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի տարածքի զանգվածային գնդակոծությանը։
Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմը թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։ Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:
ԱՄՆ-ու ԵՄ-ն «Համաս»-ը համարում են ահաբեկչական խմբավորում, Լիբանանյան «Հեզբոլա»-ի դեպքում ԵՄ-ն ահաբեկչական է համարում կազմակերպության միայն ռազմական թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը։