Մատչելիության հղումներ

Երևանը չի բացահայտում՝ ինչ հարցի շուրջ Բաքվի հետ չեն կարողանում գալ համաձայնության


Ղազախստան - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցութունները Ալմաթիում, 10-ը մայիսի, 2024թ.
Ղազախստան - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցութունները Ալմաթիում, 10-ը մայիսի, 2024թ.

Իշխանությունը չի բացահայտում՝ ի՞նչ հարցի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում գալ համաձայնության։

Շաբաթօրյա ասուլիսում վարչապետը հայտարարեց՝ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածից 13-ը, 3-ի բառապաշարի շուրջ կա համաձայնություն։ Ստացվեց՝ կա մեկ կետ, որը վիճելի է։ Բայց ո՛չ համաձայնեցված, ո՛չ քննարկվող ու վիճելի կետերի բովանդակությունը Փաշինյանը չբացահայտեց։

«Եթե հավելյալ բան լինի տեղեկացնելու, կասենք», - այսօր լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

Փոխարտգործնախարարից բացի, նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող, «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանը բացահայտումներ չարեց, բայց պնդեց՝ Հայաստանի զինվելուց դժգոհող Ադրբեջանը այդ պահանջը խաղաղության պայմանագրի նախագիծ չի հասցրել, հակասությունն էլ դրա շուրջ չէ:

«Պայմանագրի բուն տեքստի քննարկումների ժամանակ նման հարց չի քննարկվել: Երրորդ կողմերը չեն կարող Հայաստանին ստիպել կամ պահանջել՝ զինամթերք ձեռք չբերել, սպառազինություններ ձեռք չբերել: Բայց դուք նաև գիտեք, որ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որը անարձագանք է մնացել: Ադրբեջանը ևս զինվում է, այսինքն՝ եթե էդպիսի մտահոգություն կա այնտեղ, այստեղ է՛լ ավելի կա այդ մտահոգությունը, և դրա համար ատ տրամաբանական է, որ այդպիսի մեխանիզմ գործի, բայց այդ մեխանիզմը անպատասխան է մնում», - ընդգծեց Խանդանյանը՝ հավելելով. - «Պայմանագրի բուն տեքստի քննարկումների ժամանակ նման հարց չի քննարկվել»:

«Ադրբեջանը այդպիսի կետ չի՞ նշում բանակցության», - «Ազատության» այս հարցին ԱԺ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ոչ, չի նշում»:

Հայ - ադրբեջանական սահմանազատման՝ անցած շաբաթ ստորագրված կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները որպես սկզբունք կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Բայց նաև ձևակերպում կա, որ եթե խաղաղության համաձայնագրում այլ սկզբունք ամրագրվի, այն կարող է գերակա լինել Ալմա-Աթայի համեմատ։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, սակայն, վստահեցնում է՝ այլ սկզբունք չի քննարկվում: Խանդանյանը պնդում է՝ Ալմաթիի հռչակագրի դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնությունը կայացել է: Դեռ երեք ամիս առաջ հայաստանցի պաշտոնյաները չէին թաքցնում՝ Բաքուն դեմ է Ալմա-Աթայի հռչակագրին հղումը պայմանագրում ներառելուն:

«Իրավաբանական լեզու է, որ ավելի բարձր ստատուս ունեցող փաստաթուղթը կարող է այլ սկզբունք ամրագրել, բայց նման բան չի քննարկվում: Դա իրավական տեխնիկայի հարց է՝ հաշվի առնելով, որ կողմերը բանակցում են նաև՝ ավելի բարձր ստատուս ունեցող փաստաթուղթ ստորագրել», - ասաց Խանդանյանը՝ դրական պատասխանելով «Ազատության»՝ հարցին՝ «Ալմաթիի շուրջ եկե՞լ են համաձայնության կողմերը, որ խաղաղության պայմանագրում ամրագրվի». - «Իհարկե եկել են, և դա բազմիցս ասել ենք: Այսինքն՝ քաղաքական մակարդակում դա եղել է, և փաստաթղթում ևս դա համաձայնեցված է, և մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հենց այդպես էլ պիտի մնա»:

Ադրբեջանը նախագծի շուրջ իր խմբագրումը դեռ չուղարկած՝ Հայաստանին խորհուրդ տվեց ավելի լուրջ մոտենալ խաղաղության պայմանագրին։ Արտգործնախարար Բայրամովն, առանց փակագծեր բացելու, դժգոհել էր՝ Երեւանը նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։

Հայաստանի արտգործնախարարությունը Բայրամովի հայտարարությանը երկրորդ օրն է՝ չի արձագանքել: Ավելին, փոխարտգործնախարարն այսօր ասաց՝ դրան ծանոթ չէ:

«Մենք փոխանցել ենք 10-րդ տարբերակը, և երեկվա հայտարարությանը, ճիշտն ասած, չեմ ծանոթացել: Կպատասխանեն՝ ըստ դրա մենք կտանք մեր դատողություններն ու մեկնաբանությունները կամ առաջարկը», - հայտարարեց Մնացական Սաֆարյանը:

«Արցախի խնդիրը վերջնականապես փակվա՞ծ է» հարցին պատասխանելիս Սարգիս Խանդանյանն ասաց՝ Հայաստանը հարևանների նկատմամբ տարածքային պահանջ չունի։

Շաբաթ օրը վարչապետ Փաշինյանն արցախցիների ընկալումներով նրանց հավաքական վերադարձը Լեռնային Ղարաբաղ անիրատեսական համարեց, բայց նաև իր սեփականը չներկայացրեց՝ ինքը՝ Հայաստանի ղեկավա՞րն ինչպես է պատկերացնում, ի՞նչն է իրատեսական համարում։

Փաշինյանի թիմակից Խանդանյանն այսօր ասում էր՝ իրենք կենտրոնանում են խաղաղության պայմանագրի կնքման վրա. - «Էս պայմաններում իրատեսական չէ վերադարձը, ես այս պահին չեմ կարծում, որ կարող ենք հիմա քննարկել էդ հարցը, էն էլ՝ հրապարակային: Բայց նաև անվտանգության հարցն է, հա՞, ամենակարևորը, որը դեռ լուծում չունի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է դեռ շատ, շատ վտանգված, և էս պայմաններում խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի կառավարության համար, ընդհանրապես Հայաստանի համար առաջնահերթություն է»:

Մոտ 2.5 տարի փոխանակվող փաստաթղթի ստորագրման կոնկրետ ժամկետ չի նշվել։ Հստակ է, որ կողմերը բանակցում են առանց միջնորդների, և նախօրեին Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրումն է ուղարկել Բաքու։

XS
SM
MD
LG