«Ցավում եմ, որ Ադրբեջանը հերթական անգամ իրեն նման ապակառուցողական ձևով է դրսևորել և հերթական անգամ տորպեդահարել է խաղաղության գործընթացը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Իշխանությունում վստահ են՝ Ադրբեջանն անիրական պահանջներ ներկայացնելով պատրվակներ է փնտրում խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար։
Պաշտոնական Բաքուն նախօրեին, ըստ էության, մերժեց վարչապետ Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել խաղաղաության պայմանագիրը՝ արդեն իսկ համաձայնեցված դրույթներով, իսկ մնացածի մասով շարունակել քննարկումները։ Ադրբեջանի արտգործնախարարը հակադարձել էր՝ «Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել», և առաջիկայում Բաքուն Երևանին կներկայացնի այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա ու համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է պատրվակներ անընդհատ հորինել խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, և երբ թվում է, որ Հայաստանը հերթական կառուցողական առաջարկով է հանդես գալիս, ընդ որում՝ բացառապես հիմնված միջազգային իրավունքի, միջազգային նորմերի վրա, Ադրբեջանը, ըստ էության, կա՛մ հերթական պահանջն է, անիրականանալի, ընդ որում, ներկայացնում, կա՛մ, օրինակ, նման հայտարարությամբ է հանդես գալիս: Եվ տպավորությունս, այո, այն է, որ Ադրբեջանը այս ամենը անում է պրոցեսը անընդհատ ձգձգելու և խաղաղության պայմանագիր չստորագրելու համար», - ընդգծեց Ջուլհակյանը:
«Կարո՞ղ ենք ասել, որ խաղաղության պայմանագրի ճակատագիրը շատ մշուշոտ է», - այս հարցին իշխանական պատգամավորն արձագանքեց. - «Նույնիսկ եթե արձանագրենք, որ մշուշոտ է, դա ոչինչ չի նշանակում, դա չի նշանակելու, որ Հայաստանը չպետք է շարունակի աշխատել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հարևանները կարող են և չուզել»:
Վարչապետ Փաշինյանը համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկի մասին խոսելիս փակագծեր էր բացել՝ տեղեկացնելով, որ փաստաթղթի նախաբանի և 17 կետերից 13-ի շուրջ լիարժեք համաձայնություն կա։ Մնացած 4 հոդվածներից 3-ն էլ, ըստ Փաշինյանի, համաձայնեցված են մասնակի: Թե որն է 4-րդ հոդվածը, որի շուրջ կողմերն ընդհանրապես համաձայնության չեն գալիս, վարչապետը չէր մանրամասնել։
Հայաստանի Զինված ուժերը «սահմանափակելու» պահանջն անընդունելի է
Ի պատասխան՝ Բաքվից նախօրեին կրկին խոսել են Հայաստանի ռազմական կարողություններն ու Զինված ուժերը «սահմանափակելու» անհրաժեշտության մասին։
Իշխանական պատգամավորը Բաքվի հերթական պահանջն անընդունելի է համարում: «Սեփական սուվերեն տարածքը և սեփական ժողովրդին պաշտպանելուն ուղղված քայլերը որևէ մեկը չի կարող քննադատության ենթարկել և չի կարող ներկայացնել պահանջներ այդ իրավունքից հրաժարվելու համար», - ասաց Ջուլհակյանը:
Հնարավո՞ր է, որ Հայաստանի Զինված ուժերը «սահմանափակելու» այս հերթական պահանջը Բաքուն փորձում է խաղաղության պայմանագրի մաս դարձնել։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը տեղյակ չէ նման պահանջից, բայց ոչինչ չի բացառում՝ հաշվի առնելով Բաքվից հնչող անիրատեսական պահանջները:
«Ադրբեջանի գործողությունները միշտ չէ, որ ենթարկվում են տրամաբանության, հետևաբար՝ ես որևէ բան բացառել, բնականաբար, չեմ կարող ... Ես տեղյակ չեմ նման պահանջի մասին, խնդրում եմ սա ֆիքսել, որ ես նման պահանջի մասին առհասարակ տեղյակ չեմ, բայց նորից եմ կրկնում՝ քանի որ Ադրբեջանը միշտ չի, որ հանդես է գալիս կառուցողական գործելաոճով, և երբեմն տեսնում ենք, որ նաև ներկայացնում է անիրատեսական պահանջներ, ինչպիսիք են, օրինակ՝ Սահմանադրության փոփոխությունը, որը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ես ոչինչ բացառել չեմ կարող», - նշեց Արուսյակ Ջուլհակյանը:
«Հայաստաննում ով կտեղակայվի՝ դա Հայաստանի ներքին գործն է»
Հայաստանի Զինված ուժերը սահմանափակելու, երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջներին զուգահեռ, Բաքուն այժմ էլ պնդում է, որ Հայաստանն իր տարածքից դուրս բերի Եվրամիության դիտորդներին։ Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր խոսել այդ մասին, պնդելով՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի ստորագրումը բավարար հիմք է Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար:
Հայաստանի իշխանությունից, մինչդեռ, նման հարցի քննարկումը վաղաժամ են համարում. - «Հայաստանի Հանրապետությունում ով կտեղակայվի՝ դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և մե՛նք կորոշենք, թե ովքեր և ինչքան ժամանակով են տեղակայվելու այնտեղ: Ադրբեջանից է կախված՝ արդյոք անհրաժեշտ կլինի նման դիտորդական առաքելության ներկայության երկարաձգումը, թե՝ ոչ: Այսինքն՝ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, եթե սահմանազատման գործընթացը հրաշալիորեն տեղի ունենա, և փոխվստահության մակարդակը երկու երկրների միջև այնքան բարձրանա, որ հասկանանք, որ դրան անհրաժեշտությունը չկա, դե, պարզ է, որ չի լինի: Այս պահի դրությամբ բնավ ակտուալ չէ նման խոսակցությունը և շատ վաղ է նման խոսակցությունը»:
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցում են մոտ երկու տարի։ Բաքուն այս ընթացքում նորանոր պահանջներ է առաջ քաշել։ Ամիսներ առաջ Ադրբեջանը դրական չարձագանքեց խաղաղության պայմանագրի տեքստը մեկ ամսում համաձայնեցնելու և ստորագրելու Երևանի առաջարկին։ Իսկ արդեն նախօրեին մերժեց նաև համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագիր ստորագրելու և մյուս կետերի քննարկումը հետագային թողնելու տարբերակը: