Մատչելիության հղումներ

Ի՞նչ առաջարկներ էր Երևան ու Բաքու բերել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը

Լրացված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2024թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2024թ.

Ի՞նչ առաջարկներ էր նախօրեին Երևան ու Բաքու բերել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը. ոչ հայկական, ոչ ադրբեջանական, ոչ էլ ամերիկյան կողմերն այս պահին փակագծեր չեն բացել։ Ազգային ժողովի նախագահը միայն հայտարարել է՝ որևէ նոր բան չկա։

«Ինձ չի եղել նամակը, հենց Բայդենը ինձ նամակ գրի, ես էդ հարցին կպատասխանեմ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ շարունակելով. - «Ոչ մի գաղտնի բան չկա, մի փորձեք, ձեզ բոլորիդ եմ ասում, ինչ կա՝ մենք բարձր ասում ենք: Էսօր էլ վարչապետը կասի՝ հարցազրույցների և... որևիցե նոր բան չկա»:

ԱՄՆ նախագահն իր օգնականի միջոցով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին գրեթե նույնաբովանդակ նամակներ էր հղել՝ կոչ անելով այս տարի ամբողջացնել խաղաղության պայմանագիրը: Նամակում խոսք կար նաև իր օգնականի միջոցով փոխանցվող առաջարկների, կամ ինչպես ինքը՝ Բայդենն էր ձևակերպել՝ «համարձակ նախաձեռնությունների» մասին, որոնք ամերիկյան վարչակազմը կուզեր ձեռնարկել, ու որոնք, ըստ, ԱՄՆ ղեկավարի, կօգնեն հասնել խաղաղության. - «Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»:

Նամակը հրապարակվել է, առաջարկը՝ ոչ

Ինչպես Երևանն, այնպես էլ՝ Բաքուն ԱՄՆ նախագահի նամակը հրապարակել են, առաջարկը՝ ոչ։ Արդյո՞ք պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների շուրջ նոր բանակցություն կազմակերպելու մասին է Բայդենը խոսում, թե՞ այդ «համարձակ քայլերը» վերաբերում են տարածաշրջանի ապաշրջափակմանը, մասնավորապես՝ Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհին։ Եթե այո, ապաշրջափակման ի՞նչ մեխանիզմ է առաջարկում Վաշինգտոնը կողմերին ու վերահսկողության ի՞նչ ռեժիմով։ Բայդենի վարչակազմ ու Փաշինյանի գրասենյակ «Ազատություն»-ը գրավոր հարցումներ է ուղարկել, սպասում է պարզաբանումների։

Ամերիկյան կողմը չի թաքցնում տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման հարցով իր հետաքրքրությունը։ Երեկ վարչապետի հետ հանդիպմանն էլ է թեման քննարկվել։ Կառավարությունից հատուկ շեշտել էին թե՛ դա, թե՛ այն, որ ԱՄՆ նախագահի օգնականն ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

«Դուք գիտեք, որ նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարն է շատ ակտիվորեն ներգրավված եղել և քաջալերել խաղաղության հաստատում: Այսինքն՝ կարծում եմ, որ ըստ էության դրանք նույն այն թեզերի շրջանակում են, որի մասին մշտապես խոսվել է», - լրագրողների հետ զրույցում նշեց խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շարունակելով. - «Եթե անհրաժեշտություն լինի, և դրա վերաբերյալ, առաջարկների նաև վերաբերյալ հրապարակային ասելիք լինի, ես վստահ եմ, որ Կառավարության ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարությունը էդ մասին մեկնաբանություններ կանի: Բայց ես ընդհանուր առմամբ նորից եմ ասում, որ մեր դիրքորոշումներում, մեր մոտեցումներում խաղաղության օրակարգի, ապաշրջափակման, սահմանազատման և բոլոր հարցերում որևէ փոփոխություն չկա, մենք ամեն ինչ հանրայնացնում ենք, կոմունիկացնում ենք»:

Իշխող կուսակցության խմբակցության ղեկավարն ընդհանուր հայտարարություններ արեց, ԱԺ նախագահը միջանցքի հարցն առանձնացրեց, որը, ըստ նրա, կարմիր գիծ է Հայաստանի համար:

Չնայած ապաշրջափակման հարցը դուրս է եկել խաղաղության պայմանագրից, բայց հարցը շաբաթներ շարունակ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների քննարկումների օրակարգում է։ Անկարան ու Բաքուն շարունակում են խոսել «Զանգեզուրի միջանցք» բացելու մասին, իսկ Մոսկվան այդ ճանապարհի վերահսկողությունն է ուզում։ Սյունիքից դեպի Նախիջևան ճանապարհը բացելու պատրաստակամ Երևանը պնդում է, որ հաղորդակցությունները պետք է գտնվեն երկրների ինքնիշխանության ներքո։

«Բոլոր այն հարցերում, որտեղ որ ինչ-որ հարցադրում կա, որը որ վիճելի է, մենք էդ խոսակցության մեջ մտնելու ենք, և մեր համար որևիցե թեմա, որը որ փակ է, որ քննարկելու ենթակա չէ, չկա: Կա մի քանի բան, որի մասին մենք արդեն իսկ հայտարարել ենք, օրինակ՝ միջանցք՝ իրա միջանցք տրամաբանության մեջ, որովհետև մենք մեր պարտավորությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, 9-րդ կետ, որ այդքան շատ ասվում է, արդեն ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկի» մեջ, և բոլոր այն դեպքերում, որտեղ որ կարմիր գիծ է, մենք դրա մասին հայտարարել ենք», - նշեց Ալեն Սիմոնյանը:

Բաքվի հետ քննարկումները նաև չհամաձայնեցված կետերի շուրջ են տարբեր մակարդակներով շարունակվում

Չնայած արդեն համաձայնեցված կետերով օր առաջ խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի առաջարկին, խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի հետ քննարկումները նաև չհամաձայնեցված կետերի շուրջ են տարբեր մակարդակներով շարունակվում։ Ի՞նչ խողովակներով, արդյո՞ք արտգործնախարարները օրերս Ստամբուլում հենց դրանց շուրջ էին փորձում գալ համաձայնության, Սիմոնյանը չհստակեցրեց։

Համաձայնեցված կետերը ստորագրել, բանակցությունները չհամաձայնեցվածների մասով շարունակելու՝ Երևանի այս առաջարկը Բաքուն կտրականապես մերժում է՝ «եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ» պատճառաբանությամբ։ Բայց թե՛ համաձայնեցված, թե՛ վիճելի կետերն ամբողջությամբ կողմերը չեն բացահայտել։

«Պրոցեսը շարունակվում է, այդ պրոցեսը շարունակվելու է, բայց, ասում եմ, մենք կարող ենք հենց մոտ օրերս ստորագրենք պայմանագիրը, եթե Ադրբեջանի նախագահը այդ ցանկությունը ունենա», - հայտարարեց ԱԺ նախագահը՝ լրագրողի հարցին ի պատասխան ընդգծելով, որ հնարավոր համարում է «ամբողջական այդ 17 կետերի համաձայնեցումը». - «Այո, իհարկե, միանշանակ»:

Ալիևին ու Փաշինյանին հղած նամակներում ԱՄՆ նախագահը նաև խաղաղության պայմանագիրը կնքելու համար երկու կողմից պահանջվող փոխզիջումներից էր խոսել։ Այսօր Հայաստանի իշխող ուժի երկու ներկայացուցիչներ այդպես էլ չեն արձագանքել՝ ի՞նչ փոխզիջումներ պիտի անի, մասնավորապես, Երևանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG