Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սեպտեմբերի 11-ի նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ, հայտնում է ԿԸՀ-ն։
Ըստ հաղորդագրության, նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Զեյնալյանը,
Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Դեպի Եվրամիություն ձգտող հայաստանյան մի խումբ ուժեր դիմել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ անդամակցության հարցով ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար: Ըստ Սահմանադրության, 60 օր է անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքելու և իրենց հեղինակած՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու համար: