Մատչելիության հղումներ

«Դո՛ւրս Հայաստանից». կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ Բելառուսի դեսպանության շենքին


Մինսկն ի պատասխան Բելառուսի դեսպանատան առջև կազմակերպված բողոք ակցիայի՝ արտգործնախարարություն է հրավիրել այդ երկրում Հայաստանի ժամանակավոր հավատարմատարին։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Բելառուսի դեսպանատան շենքի վրա ձվեր, լոլիկներ ու կարտոֆիլ էին շպրտել։ "Вон из Армении", - հայտարարում էին նրանք:

Այս ակցիան հաջորդեց Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե «ում են պետք հայերը մեզնից բացի»։

Հայաստանյան արևմտամետ քաղաքական ուժի բողոքի քայլը բելառուսական կողմը վանդալիզմ է որակում: «Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանության շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությանը հասցված վնասի և Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին», - նշել է Բելառուսի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ շեշտելով, թե Հայաստանը պարտավոր է «ապահովել Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության և նրա ունեցվածքի անվտանգությունը»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն "Россия" հեռուստաալիքին տված հարցազրույցում էր հայերի հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տվել՝ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու համար։

«Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին», - ասել էր Բելառուսի նախագահը։

«Այլանդակությանը պետք է վերջ տալ՝ էս ընդհանրապես պրակտիկային, բառապաշարին, մոտեցումներին, թե հայերը ում են պետք, և այլն, և այլն: Դուք չեք որոշում հայերը ում են պետք, ու ոչ դուք եք մեզ պետք, ոչ էլ, այո, մենք ենք ձեզ պետք, ու փառք Աստծո», - հայտարարեց «Հանուն Հանրապետության»-ի փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

Հայաստանյան արևմտամետ մի քանի ուժեր Երևանից պահանջում են խզել հարաբերությունները Մինսկի հետ։ «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական, Քրիստոնեա-ժողովրդավարական ու «Հանրապետություն» կուսակցությունները, քաղհասարակության ներկայացուցիչներ իշխանություններին կոչ են անում նաև դուրս գալ Բելառուսի հետ ընդհանուր միություններից ու կազմակերպություններից։

«Հայաստանում Բելառուսի դեսպանին և դեսպանատան դիվանագիտական անձնակազմի մյուս բոլոր անդամներին հայտարարել անցանկալի անձինք՝ persona non grata, և երեք օր ժամանակ տալ Հայաստանի տարածքը լքելու համար», - իրենց պահանջը ներկայացրեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները կասկած չունեն՝ ժամանակ առ ժամանակ հայերի մասին վիրավորական ձևակերպումներով արտահայտվող Բելառուսի նախագահը Ռուսաստանի առաջնորդի ուղղորդմամբ է այդ քայլին գնում։

«Այն, ինչ ցանկանում է Վլադիմիր Պուտինն ասել, նա ասում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի շուրթերով», - պնդեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը:

Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել Լուկաշենկոյի հայտարարություններին։ Տևական ժամանակ է՝ Մինսկի ու Երևանի հարաբերությունները լարված են։ Հայաստանը վարչապետի մակարդակով հայտարարել է՝ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Փաշինյանն այս մասին հայտարարեց Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

Հայաստանի վարչապետն ավելի ուշ էլ հայտարարել է, որ այլևս ոչ մի պաշտոնյա չի մեկնի Բելառուս, քանի դեռ այդ երկրի ղեկին Լուկաշենկոն է:

Երևանը նույն ընթացքում նաև Բելառուսում Հայաստանի դեսպանին հետ կանչեց խորհրդակցությունների։ Ռազմիկ Խումարյանը ավելի քան երեք ամիս է՝ Երևանում է։ Մինսկը Երևանի մեղադրանքներն անհիմն էր համարել՝ հայտարարելով, թե դրանցով Նիկոլ Փաշինյանը հանրությանը փորձում է շեղել ներքին խնդիրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG