Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն "Россия" հեռուսատաալիքին տված հարցազրույցում հեթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։
«Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին», - ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, թե հետխորհրդային տարածքի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս»։
«Մենք (Բելառուսն ու Ռուսաստանը ) իրականում նույն նավակի մեջ ենք, եթե այն շրջվի, երկուսս էլ կխորտակվենք՝ և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը։ Ի՞նչ ունենք թաքցնելու։ Մենք չենք սեթևեթում, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս»,- ասել է Լուկաշենկոն հարցազրույցում, որը երեկ երեկոյան ցուցադրել է բելառուսական ալիքը․ - «Այդպես չի լինում։ Եկեք միասին լինենք, հեռու չէ ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստան և կխնդրեք աջակցություն և օգնություն, բա էլ ո՞ւմ եք դիմելու... Ղազախստանում ինչ-որ բան եղավ, ո՞ւմ դիմեց՝ Չինաստանի՞ն, Հնդկաստանի՞ն, Պակիստանի՞ն։ Ո՛չ, Պուտինին»։
Մինսկի ու Երևանի հարաբերությունները լարված են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:
Փաշինյանն ասել է, որ հետայսու հայ ոչ մի պաշտոնյա չի մեկնի Բելառուս, քանի դեռ այդ երկիրը Լուկաշենկոն է ղեկավարում:
Մինսկից Հայաստանի վարչապետի հայտարարությունները համարել են իմպուլսիվ, պնդելով, թե դրանցով Նիկոլ Փաշինյանը փորձում է շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից: Մինսկից հավատացնում են, որ բարձր են գնահատում հայ-բելառուսական բարեկամությունը: