Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է Բելառուսի արտգործնախարարություն՝ Հայաստանում այդ երկրի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի կապակցությամբ: Այս մասին ТАСС-ին հայտնել է գերատեսչության խոսնակ Անատոլի Գլազը։
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանության շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությանը հասցված վնասի և Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին», - բելառուսցի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան պետական լրատվամիջոցը:
Հայաստանյան արևմտամետ մի քանի ուժեր Երևանից պահանջում են խզել հարաբերությունները Մինսկի հետ։ Նրանց վրդովեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ հայերի հասցեին օրերս արած ձևակերպումը, թե «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամներն ու համակիրներն այսօր ի նշան բողոքի ձվեր, լոլիկներ ու կարտոֆիլ շպրտեցին Առինջում գտնվող Բելառուսի դեսպանատան պատերին։