Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային երկրների միջև համակարգման ավելի մեծ անհրաժեշտություն կա՝ Կովկասում խաղաղության համար․ Քան


Խովաև-Քան հանդիպում Թեհրանում, 16-ը հունիսի, 2024թ․
Խովաև-Քան հանդիպում Թեհրանում, 16-ը հունիսի, 2024թ․

Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ երկրների կառավարությունների միջև ավելի մեծ համակարգման և համագործակցության անհրաժեշտություն կա՝ Կովկասում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար, X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանը հունիսի 16-ին Թեհրանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևի հետ հանդիպումից հետո։

Այս համատեքստում Քանն ընդգծել է «Կովկասում որոշ արտատարածաշրջանային դերակատարների ապակայունացնող ազդեցությունը» ու Խովաևին ներկայացրել տարածաշրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումներն ու նկատառումները։

Քանը Խովաևի հետ հանդիպմանն, ըստ իրանական կողմի, ընդգծել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները լուծելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով Թեհրանին և Մոսկվային համագործակցել Կովկասյան տարածաշրջանում իրենց շահերին համապատասխան:

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը հավելել էր, որ պետք է առավելագույնի հասցնել տարածաշրջանային «3+3» ձևաչափի գործունեությունը։ Ռուսաստանի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել էր երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ պայքարելու արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ։

Այս տարվա ապրիլին Հայաստանում Իրանի դեսպանը հստակեցրել էր, որ Թեհրանը Հարավային Կովկասում վտանգավոր է համարում, մասնավորապես, «օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներին, որոնք որևէ անվտանգային, գեոպոլիտիկ խնդիրների չեն առնչվում»։

«Այսինքն՝ օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել», - ասել էր Մեհդի Սոբհանին՝ նրանց շարքում շեշտելով նաև Եվրամիության դիտորդներին և Միացյալ Նահանգներին։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում: Բաքուն, մասնավորապես, նշում է, թե ԵՄ առաքելությունը Հայաստանում ակտիվորեն օգտագործվում է որպես «հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

Իսկ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG