Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է նախագահ Դրուպադի Մուրմուի հետ:
Արձանագրելով երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ կողմերը նկատել են՝ չնայած լայն համագործակցությանը, երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ:
Ըստ հայկական կողմի՝ Մուրմուն վստահություն է հայտնել, որ այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող թեմային։
Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։
The Times of India պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։
Հրապարկման համաձայն, Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։