Մատչելիության հղումներ

Բժանիան չի մասնակցի Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրություններին


Ասլան Բժանիա, արխիվ
Ասլան Բժանիա, արխիվ

Նախորդ ամիս հրաժարական ներկայացրած Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության հինգերորդ նախագահ Ասլան Բժանիան չի մասնակցի գալիք տարի նշանակված արտահերթ ընտրություններին, «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են Աբխազիայի նախագահի աշխատակազմից։

«Որոշում է կայացվել, որի համաձայն, Ասլան Բժանիան փետրվարին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի։ Չի բացառվում, որ ընտրություններում կառաջադրվի փոխնախագահ, այժմ նախագահի պարտականությունները կատարող Բադրա Գունբան», - տեղեկացրել են գործակալության աղբյուրները։

Արտահերթ նախագահական ընտրություններն Աբխազիայում կկայանան փետրվարի 15-ին։ Աբխազիայի նախագահի պաշտոնը թափուր է մնացել նոյեմբերի 15-ին սկիզբ առած բողոքի ակցիաներից հետո, որոնց մասնակիցները գրավել էին Սուխումիի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրը։ Մի քանի օր տևած բանակցություններից հետո Բժանիան համաձայնել էր հրաժարական ներկայացնել։

Ներքաղաքական իրադրությունը Աբխազիայում սրվել էր Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային պայմանագրի կնքումից հետո, որի համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները հարկային արտոնություններ և ինքնահռչակ հանրապետության տարածքում անշարժ գույք գնելու իրավունք էին ստացել։

XS
SM
MD
LG