Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, որ այս շաբաթ հրաժարական տվեց, ռուսական ՏԱՍՍ-ին ասել է, որ գտնվում է ինքնահռչակ հանրապետությունից դուրս։
«Ես հիմա Աբխազիայում չեմ, մի քանի օրով թռչում եմ Մոսկվա»,- ասել է նա։
Նոյեմբերի 19-ին Աբխազիայի խորհրդարանը քվեարկեց Ասլան Բժանիայի հրաժարականի օգտին։
- Սուխումիում իրավիճակը կտրուկ սրվեց նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանի հետ ներդրումների վիճահարույց պայմանագիրը վավերացնելու դեմ ցույցերի ժամանակ, որը ենթադրում է տնտեսական շատ լայն արտոնություններ ռուսաստանցի խոշոր ներդրողների համար։ Ըստ իշխանության՝ այն տնտեսական օգուտներ կբերի, ընդդիմության պնդմամբ՝ պայմանագիրն ազգային շահերի դեմ է և բոլոր առումներով արտոնյալ պայմաններ ստեղծելով ռուսական կապիտալի համար՝ կկործանի տեղական փոքր ու միջին բիզնեսները։
- Նոյեմբերի 15-ին ցուցարարները քանդել էին կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարանի շենքի հարակից տարածք, այնուհետև խորհրդարան և նախագահի նստավայր։
- Ցույցերի ֆոնին Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն ցուցարարներն այդ քայլը բավարար չեն համարել՝ շարունակելով ակցիան Բժանիայի հրաժարականի պահանջով։