Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրակարգ այս պահին չկա, հայտարարում է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկին հավանություն տված կառավարությունը:
Չնայած Մոսկվայի զգուշացմանը, թե այս երկու կառույցներն անհամատեղելի են, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց՝ Եվրամիությանն անդամակցությունը զուգահեռ գործընթաց է. - «Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված»:
2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունն անցել է 28 միլիարդ դոլարը, սրա ավելի քան 40 տոկոսը միայն Ռուսաստանի հետ փոխադարձ առևտուրն է: 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է շուրջ 72 տոկոսով, դեկտեմբեր ամսվա տվյալները դեռ ամփոփված չեն, այսինքն՝ վերջնական թվերը գուցե և ավելի մեծ լինեն:
Սրան զուգահեռ, Եվրամիության բոլոր երկրների հետ միասին վերցրած առևտրաշրջանառությունը ոչ միայն չի աճում, այլև երկնիշ տեմպերով նվազում է: Անցած տարվա հունվար-նոյեմբերին այն 2.1 միլիարդ դոլար է կազմել՝ ընդհանուրի 7.5 տոկոսը: 2023-ի նույն ժամանակահատվածում Եվրամիության կշիռն ավելի մեծ էր. շուրջ 2.5 միլիարդի առևտուր էր եղել: Ընդ որում, վերջին տվյալներով՝ Հայաստանը Եվրամիության անդամ որևէ երկրի հետ ընդհանուրի մեջ գոնե 2 տոկոսի հասնող առևտրաշրջանառություն չունի: Ավանդաբար, օրինակ, Գերմանիայի հետ առևտուրն էր մի քանի տոկոսի հասնում, բայց անցած տարի այս ուղղությունն էլ է մոտ 25 տոկոսով կրճատվել:
Չնայած այս վիճակագրությանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ առևտրի ծավալները դեռ պետք է ավելացնել. - «Պետք չէ փոխարինել, պետք է այս ծավալներն այստեղ պահել ԵԱՏՄ-ում, մեծացնել, ավելացնել, այն մյուսների հետ էլ մեծացնել ու ավելացնել»:
Անցած շաբաթ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի նախագծի հաստատումից հետո Կրեմլի արձագանքը չուշացավ: Փոխվարչապետի մակարդակով հայտարարեցին, որ սա իրենք դիտարկում են որպես Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ, և որ Երևանի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը կառուցելու են այդ հանգամանքը հաշվի առնելով:
Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույնիսկ ասել էր, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կթանկանան սնունդն ու էներգիան, կկրճատվի Հայաստանի արտահանումը:
Բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինել, ասաց էկոնոմիկայի նախարարը, բայց և ընդգծեց՝ ինքն այս ամենի համար պատճառներ չի տեսնում։
«Նման պատճառ չկա, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և ՀՀ կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա այս պահին», - նշեց նախարարը:
«Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունները լարված են, և ցանկացած նման բան կարող է առաջացնել նման սուր ռեակցիա»
Գևորգ Պապոյանն այս հարցերին անդրադարձավ իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում: Զուգահեռ, թեման նաև Ազգային ժողովում էր քննարկվում: Լրագրողները ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրին՝ ինչո՞ւ է Ռուսաստանն այսքան սուր արձագանքում:
«Որովհետև Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունները լարված են, և ցանկացած նման բան կարող է առաջացնել նման սուր ռեակցիա», - պատասխանեց նախարարը:
Իսկ ե՞րբ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կկայացվի, գուցե այն բանից հետո, երբ Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն լինի, երկրի գլխավոր ֆինանսիստն արձագանքում է՝ չի կարող ասել։
Ի՞նչ կլինի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում: Սա ռիսկային է, ասաց ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանը, սակայն, հայտարարեց՝ չգիտի, թե ինչ քայլերի կարող է դիմել Ռուսաստանը: