Հայ-բելառուսական անթաքույց լարվածության ֆոնին Երևանից հետո Մինսկը ստանձնեց ԵԱՏՄ-ում նախագահությունը: Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն այսօր ներկայացել է իր երկրի առաջնահերթությունները և վստահեցրել՝ կանեն հնարավորը՝ միության հետագա զարգացման համար: Այս տարի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստերը կանցկացվեն հենց Բելառուսում:
«Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն», - 2024-ի հունիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանի և Մինսկի հարաբերությունները վատթարացան, երբ Բելառուսի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան որակեց որպես «ազատագրական պատերազմ»: Փաշինյանը դրանից հետո հայտարարեց, թե Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Լուկաշենկոն։
«Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ», - հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանը տարեվերջին ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսին փոխանցելիս հատուկ շեշտեց՝ կառույցի միջոցառումներին հայկական պատվիրակություն չի մեկնի՝ տեսակապով կմասնակցեն: Երևանի բոյկոտից խիստ վրդովված Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհությունը չթաքցրեց.- «Գուցե հեռուստացույց չլինի, որպեսզի կարողանաք խոսել հեռակա կարգով»։ «Խնդիր չկա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. - «Ես հասկանում եմ, Ձեզ մոտ գուցե նաև հեռուստացույցն է դարձել խնդիր, մենք դրան ըմբռնումով ենք մոտենում»:
Հայաստանը, որ ՀԱՊԿ-ին անդամությունը դե ֆակտո սառեցրել է և վերադարձն այդ կառույցի գրեթե անհնար է համարում, երբևէ չի բոյկոտել ԵԱՏՄ-ում աշխատանքը:
Կազդի՞ արդյոք հայ-բելառուսական լարվածությունը կառույցում Հայաստանի գործունեության վրա, հատկապես որ նախագահողը հենց Մինսկն է: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի կարծում, թե Երևանի համար լուրջ բարդություններ կլինեն:
«Այնուամենայնիվ բոլոր կազմակերպություններն ունեն իրենց ընթացակարգերը, և այն հանգամանքը, թե ով է նախագահում կազմակերպությունում, մեծ դեր չի խաղում, բոլոր աշխատանքներն ավելի շատ կուլիսներում են անցկացվում, նախապատրաստական բնույթ ունեն, և այդ առումով, ես չեմ կարծում, որ լուրջ խնդիրներ կարող են լինել՝ հաշվի առնելով նաև որ մեծ հաշվով Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները լարված էին վերջին տարիների ընթացքում», - ասաց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյան
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը շարունակում է՝ թե հայ-բելառուսական լարվածությունից չէ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում խնդիրներ կունենա:
«ԵԱՏՄ-ում չեն ցանկանում հանդուրժել, որ Հայաստանն առավելություններ ստանա տնտեսական առումով, բայց ակտիվ չհամագործակցի ՀԱՊԿ շրջանակներում, այսինքն՝ տնտեսական դիվիդենտներ ստանա՝ առանց անվտանգային համակարգում համագործակցելու։ Հակասությունն այդտեղ է և կարծում եմ, որ անկախ նրանից, թե որ երկիրը կլինի համանախագահող 2025 թվականին, այդ հակասությունն ավելի կսրվի», - ասաց Բաղդասարյանը։
Այն, որ Ռուսաստանը դժգոհ է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում Հայաստանի վարած քաղաքականությունից, նաև քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է ընդգծում: Բայց այս փուլում, ասում է՝ հայ և ռուս պաշտոնյաները, կարծես թե, միմյանցից հրապարակային դժգոհությունները տեղափոխել են կուլիսներ:
Բելառուսը միակ երկիրն է, որին Հայաստանի վարչապետը ոչ միայն ուղիղ քննադատում է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցելու համար, այլ կոնկրետ գործողությունների է դիմել՝ բոյկոտելով այդ երկիր այցերը:
Արմեն Բաղդասարյանն այստեղ նաև ներքաղաքական ենթատեստ է տեսնում։ «Նիկոլ Փաշինյան այդ պահվածքը նաև ներքաղաքական շահեր է հետապնդում, թեկուզ և այն առումով, որ այս տարի նախընտրական տարի է և նախընտրական տարում Նիկոլ Փաշինյանին խիստ անհրաժեշտ է լինելու Արևմուտքի աջակցությունը՝ ներքաղաքական գործընթացներին», - ասաց Բաղդասարյանը։
Ի դեպ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանն ամռանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների և մինչ օրս չի վերադարձել Մինսկ: Բայց արտաքին գերատեսչությունը չի հստակեցնում՝ կվերադառնա արդյո՞ք: Դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ Բելառուսում Հայաստանի դեսպանատունն այս ընթացքում շարունակել է աշխատանքը, անցնող ամիսներին Հայաստանի ներկայացուցիչները մի շարք միջոցառումների են մասնակցել: