Մատչելիության հղումներ

Բելառուսը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության 10-րդ լիիրավ անդամ


Աստանայում ավարտվեց Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, գագաթաժողովի մեկնարկին Բելառուսը դարձավ այդ կազմակերպության տասներորդ անդամը, ստորագրվեց լիիրավ կարգավիճակ շնորհելու փաստաթուղթը:

Այս 2 օրերի ընթացքում Աստանայում տեղի են ունեցել բազմաթիվ երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, ընդունվել է Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի հռչակագիրը, որը անդամ երկրների ղեկավարները ստորագրելով, հաստատել են:

Սի Ծինփինն Ալիևի հրավիրել է Չինաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Պեկինում կայանալիք այդ կազմակերպության հաջորդ գագաթաժողովին և միաժամանակ պետական այց կատարել Չինաստան: Ալիևը գոհունակությամբ ընդունել է հրավերը: Սի Ծինփինն ընդգծել է, որ աջակցում են կազմակերպում Ադրբեջանի կարգավիճակի բարձրացմանը, նշելով, որ հաջորդ տարի Չինաստանի նախագահության շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու այդ հարցին:

Իլհամ Ալիևն Աստանայում մասնակցում է կազմակերպության ավելի ընդլայնված նիստին: Ալիևը ելույթ է ունեցել, ասելով, որ տրանսպորտային՝ «Արևելք-արևմուտք» և «Հյուսիս-հարավ» միջանցքներով համագործակցությունը կարևոր ոլորտ է Ադրբեջանի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև փոխգործակցության համար: Նա նշել է, որ աշխարհագրական դիրքը և տրանսպորտային ենթակառուցվածքներում զգալի ներդրումները Ադրբեջանին հնարավորություն են տվել դառնալու Եվրասիայի լոգիստիկ հանգույցներից մեկը:

«Բազմաբևեռ աշխարհն արդեն իրողություն է». Պուտին

Չինաստանի նախագահը Շանհայի կազմակերպության անդամներին կոչ է արել դիմակայել արտաքին միջամտություններին, իսկ Ռուսաստանի նախագահն առաջ է մղում Եվրասիական անվտանգային միասնական համակարգ ստեղծելու գաղափարը: Աստանայում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիայում համագործակցության և անվտանգության նոր համակարգ ձևավորելու Ռուսաստանի առաջարկը կոչված է փոխարինելու Եվրաատլանտյան, նրա խոսքերով, ավելի հնացած մոդելին, որն առավելություն է տալիս առանձին երկրների: ՌԴ նախագահի կարծիքով, բազմաբևեռ աշխարհն արդեն իրողություն է:

Գագաթաժողովի ավարտին ռուսաստանցի լրագրողներին տված առանձին հարցազրույցում Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ներկայիս նախագահ Ջո Բայդենի հեռուստաբանավեճից հատվածներ է դիտել, բայց որևէ մեկնաբանություն չի արել: Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմը շատ արագ դադարեցնելու Թրամփի հայտարարությանը, Պուտինը նշել է, որ դրան շատ լուրջ են վերաբերում:

էրդողանը խստորեն քննադատել է Իսրայելին

Գագաթաժողովի ընդլայնված նիստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը խստորեն քննադատել է Իսրայելին, կոչ անելով, որ միջազգային հանրությունը ուժեղացնի ճնշումը Իսրայելի վրա Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համար:

«Այդ ավերածությանը վերջ տալու համար անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին և ստիպել ընդունելու մշտական հրադադարը, որպեսզի դա տեղի ունենա, Իսրայելի վարչակազմի վրա ճնշումը պետք է ուժեղացվի և շարունակվի: Մեր նպատակն է խաղաղության գոտի ստեղծել մեր տարածաշրջանում և դրանից դուրս», - հայտարարել է Էրդողանը:

Գուտերեշը կոչ է արել Ուկրաինայում խաղաղություն հաստատել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

Աստանայի գագաթաժողովին հրավիրվել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այսօր ելույթ ունենալով ընդլայնված նիստին, նա կոչ է արել Ուկրաինայում խաղաղություն հաստատել ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Գուտերեշը ևս ընդգծել է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը:

«Սկսած Գազայում հումանիտար անհապաղ հրադադարից և արյունահեղության դադարեցումից, ինչպես նաև անհապաղ առանց պայմանների ազատ արձակել բոլոր պատանդներին, կտրուկ մեծացնել օգնությունը կյանքեր փրկելու համար և հստակ պարտավորություն և ճանապարհային քարտեզ երաշխավորելու 2 պետության լուծումը և պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գագաթաժողովում ընդունվել է Աստանայի հռչակագիրը, որը քննադատում է միակողմանի պատժամիջոցները և առևտրային սահմանափակումը՝ նշելով դրանց բացասական ազդեցությունը երրորդ երկրների և միջազգային տնտեսության վրա:

Կազմակերպության մի շարք անդամներ պատերազմների, բռնաճնշումների, մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ, մասնավորապես, Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը:

XS
SM
MD
LG