Այսօր Աստանայում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, թե Մոսկվան միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության օրակարգի առաջ մղմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն իր ռուս պաշտոնակցին տեղեկություններ է փոխանցել հայ - ադրբեջանական կարգավորման մասին։ Այլ մանրամասներ չկան։
Հայ - ադրբեջանական բանակցությունները վերջին շրջանում առանց միջնորդների են, այս ձևաչափին կողմ է պաշտոնական Բաքուն: Հաղորդագրություններից պարզ չի դառնում, թե արդյոք Ռուսաստանի նախագահն Իլհամ Ալիևին կոնկրետ առաջարկներ է արել։
Պուտինն ու Ալիևը մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հանդիպման բաց հատվածում Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները հայ - ադրբեջանական հարաբերություններին չանդրադարձան, փոխարենը գոհունակությամբ խոսեցին երկու դաշնակցային երկրների ակտիվորեն զարգացող և խորացող հարաբերությունների մասին։
«Մենք միմյանց հետ հանդիպում ենք գրեթե ամեն ամիս, միշտ շատ բան ունենք քննարկելու: Առանցքային առևտրատնտեսական համագործակցության հարցում մենք խնդիրներ չունենք: Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը 4 միլիարդից ավելի է և աճել է 13 տոկոսով», - ասել է Պուտինը:
Ալիևն էլ իր հերթին շեշտել է. - «2022 թվականին Ռուսաստանը և Ադրբեջանը դաշնակցային հռչակագիր ստորագրեցին, որի բոլոր կետերն արտացոլված են իրական կյանքում: Արդեն երկու տարի է մենք արդյունավետ համագործակցում ենք որպես դաշնակիցներ»:
Պաշտոնական Բաքուն վերջին տարիներին բազմիցս շեշտել է, թե Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա. Նման հայտարարություն հնչել էր նաև հայաթափված Ացախից ռուս խաղաղապահների ժամկետից շուտ հեռանալուց հետո։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի հիմնական միջոցառումները նախատեսված են վաղը: Ռուսաստանի նախագահը, սակայն, Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել այսօր և մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացրել, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ։ Պուտին-Էրդողան հանդիպումը մոտ մեկ ժամ է տևել։
Վերջին շրջանում Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում նոր տարաձայնություններ են առաջացել։ Հունիսին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ Պուտինը նախատել էր Անկարային Կիևին ռազմական օգնության համար և վրդովվել էր այն փաստից, որ թուրքական իշխանությունները գնալով ավելի շատ են համագործակցում արևմտյան ֆինանսական կառույցների հետ, որոնցից ներդրումներ և վարկեր են ստանում։ Բացի այդ, Պուտինի Թուրքիա այցն է անընդհատ հետաձգվում, երկկողմ առևտուրն էլ կրճատվել է:
Այդուհանդերձ, այսօր Աստանայում Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինն ընդգծել է. չնայած աշխարհում առկա բոլոր խնդիրներին՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հետևողականորեն զարգանում են: Էրդողանն էլ նախ Պուտինին հրավիրել է Թուրքիա այցելել։ Պուտինն ասել է՝ անպայման կայցելի, բայց ժամկետներ չի նշել:
Բացի այդ, Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան բանակցում են Թուրքիայում մեկ այլ՝ Սինոպ ատոմակայանի կառուցման շուրջ. - «Ես հավատում եմ, որ մենք կարող ենք լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Մենք նպատակ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի։ Վստահ ենք, որ այս նպատակին հասնելու ներուժ ունենք»:
Թուրքիայի նախագահի գրասենյակը հանդիպումից հետո տեղեկացրել է՝ Էրդողանն իր ռուս պաշտոնակցին նաև ասել է, որ Անկարան պատրաստ է և կարող Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման գործում ջանքեր ներդնել։
Երբ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու հրաման տվեց, Ռուսաստանի առաջնորդն այցելում է միայն բարեկամական երկրներ և միջազգային բոլոր հնարավոր հարթակներն օգտագործում է հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնելու համար նաև: Աստանայում հավաքվել են այն պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, ում հետ Մոսկվան այսօր էլ ունի լավ հարաբերություններ:
2001 թվականին Մոսկվայի ու Պեկինի նախաձեռնությամբ ստեղծված Շանհայի կազմակերպությանը Ռուսաստանից ու Չինաստանից բացի ևս յոթ պետություն է անդամակցում՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստան, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Իրանը։ Ակնկալվում է նաև Բելառուսի անդամակցությունը, որը նախատեսվում է հաստատել վաղը կայանալիք գագաթնաժողովում։ Հայաստանը կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ ունի։