ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստանում է իր նախագահության վերջին ամիսներին պաշտպանել ժողովրդավարությունը տանը և դաշնակիցների շրջանում, ինչպիսին Ուկրաինան է:
Հուլիսի 24-ին ժողովրդին ուղղված ուղերձում Բայդենը բացատրել է նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններին չառաջադրվելու իր որոշումը՝ ասելով, որ ժամանակն է մի կողմ դնել անձնական հավակնությունները և թույլ տալ, որ նոր սերունդը ստանձնի իշխանությունը:
Որոշման մասին կիրակի հայտնելով՝ ԱՄՆ նախագահը նաև հորդորել ու իր աջակցությունն էր հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես դեմոկրատների թեկնածու։
81-ամյա նախագահն ուղերձում ասել է, որ կշարունակի աշխատել Ամերիկան ամուր և անվտանգ պահելու համար։ «Մենք կշարունակենք համախմբել հպարտ ազգերի կոալիցիան՝ կանգնեցնելու [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին Ուկրաինան զավթելուց և է՛լ ավելի մեծ վնաս պատճառելուց: Մենք կպահպանենք ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ, և ես այն կդարձնեմ ավելի հզոր և ավելի միասնական, քան երբևէ մեր պատմության ընթացքում»,- ասել է նա 10 րոպեանոց ուղերձում:
Բայդենը, ում պաշտոնավարման ժամկետը պաշտոնապես ավարտվում է 2025 թվականի հունվարի 20-ին, ընդգծել է, որ ԱՄՆ-ի այս շրջադարձային կետում 59-ամյա Հարիսը լավագույնս կարող է մասնակցել ընտրություններին, որտեղ «Ամերիկայի հոգին վտանգված է»:
«Ուստի ես որոշեցի՝ առաջ գնալու լավագույն ճանապարհը ջահը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է»,- նշել է Միացյալ Նահանգների առաջնորդը:
Բայդենի հասցեին քննադատությունը սաստկացավ հատկապես մրցակից Դոնալդ Թրամփի հետ անցած ամսվա բանավեճից հետո, որտեղ նա երբեմն թույլ և շփոթված էր արձագանքում՝ հարցեր բարձրացնելով գերտերությունը ևս չորս տարի կառավարելու կարողության մասին։ Շաբաթներ շարունակված ճնշումներից հետո էր, որ Բայդենը հրաժարվեց մրցապայքարից։
«Ես գիտեմ, որ հասարակական կյանքում տարիների փորձի համար կա ժամանակ և տեղ, բայց կա նաև ժամանակ և տեղ նոր ձայների, թարմ ձայների, այո, ավելի երիտասարդ ձայների համար, և այդ ժամանակն ու տեղը հիմա են», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ շեշտելով, որ Նահանգներում իշխանությունը ժողովրդի ձեռքին է։