Մատչելիության հղումներ

Բայդենը պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և փոխնախագահ Քամալա Հարիս, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և փոխնախագահ Քամալա Հարիս, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին:

«Երեկոյան ժամը 8-ին Օվալաձև սենյակից կդիմեմ ժողովրդին, թե ինչ է սպասվում առաջիկայում և ինչպես կավարտեմ աշխատանքս ամերիկացի ժողովրդի համար», - X-ի իր էջում գրել է նախագահական ընտրապայքարն ընտրություններից 100 օր առաջ լքած Բայդենը:

Ավելի վաղ արված իր ուղերձում Միացյալ Նահանգների նախագահը նշել էր, որ կշարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հունվարը, իսկ առաջիկա ընտրություններում աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին՝ որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։

81-ամյա Բայդենի հասցեին քննադատությունը սաստկացավ հատկապես մրցակից Դոնալդ Թրամփի հետ անցած ամսվա բանավեճից հետո, որի ընթացքում նա շատ հաճախ շփոթվում էր։ Հենց այդ ժամանակ էլ հարցեր առաջացան՝ կկարողանա՞ արդյոք դեմոկրատների նախագահի թեկնածուն կառավարել գերտերությունը ևս չորս տարի։ Շաբաթներ շարունակված ճնշումներից հետո Բայդենը հրաժարվեց մրցապայքարից:

Անցած շաբաթվա կեսին Միացյալ Նահանգների առաջնորդը հասցրեց նաև կորոնավիրուսով վարակվել։ Նրա բժիշկը հայտնել էր, թե Բայդենն ունի հարբուխ, հազ, ընդհանուր թուլություն: Նախագահը կորոնավիրուսի պատճառով չեղարկել էր ելույթը Լաս Վեգասում նախատեսված նախընտրական միջոցառմանը:
Փաստացի, այսօր Ջո Բայդենը վարակից հետո առաջին անգամ է հրապարակային ելույթ ունենալու։

Ինչպե՞ս կանդրադառնա Բայդենի այս քայլը նրա հեղինակության վրա․ քաղաքական շրջանակներում ամենաշատը քննարկվող հարցերից մեկն էլ սա է։

Նախագահների կենսագրութամբ հետաքրքրված պատմաբան, Ջորջ Վաշինգտոնի անվան նախագահական գրադարանի գործադիր տնօրեն Լինդսի Չերվինսկիի կարծիքով՝ ամեն ինչ կախված է նրանից՝ ինչպես կավարտվեն ընտրությունները։

«Եթե Հարիսը հաղթի, Բայդենը լեգենդ կդառնա, քանի որ փաստացի կարողացավ պայքարել Թրամփ անունով սպառնալիքի դեմ։ Պարտության դեպքում շատ հարցեր կառաջանան, և մասնավորապես՝ շատ չուշացա՞վ արդյոք հրաժարականը», - ընդգծում է Չերվինսկին:

Իսկ մինչ Ամերիկայի ժողովուրդը սպասում է, թե ինչ է ասելու այսօր երեկոյան Բայդենը, Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը նախընտրական արշավի մեջ են։

Հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այսօր Հյուսիսային Կարոլինայում է քարոզարշավ իրականացնելու՝ արդեն հավանական նոր հակառակորդին՝ փոխնախագահ Քամալա Հարիսին դարձնելով իր քննադատության թիրախը։
Թրամփն առաջարկել է մի քանի բանավեճ ունենալ Հարիսի հետ։ Թրամփն ու Բայդենը հունիսի 27-ին էին բանավեճի դուրս եկել եթերով, հաջորդն ակնկալվում է սեպտեմբերի 10-ին։

«Ես ցանկանում եմ նրա հետ բանավիճել, նա նախորդից չի տարբերվելու, քանի որ նույն քաղաքականությունն են վարում», - ասել է Թրամփը։

Հարիսն իր առաջին հրապարակային ելույթի զգալի մասը նվիրել էր ապագա մրցակցի՝ Թրամփի քննադատությանը։

Հարիսն այսօր կլինի Ինդիանայում, որը համարվում է հանրապետական նահանգ։ Այստեղ վերջին 16 տարիներին ընտրողները չեն սատարել նախագահի դեմոկրատ թեկնածուի:

Ամենակարևոր հարցը թերևս դեռ մնում է այն՝ արդյո՞ք Քամալա Հարիսը կկարողանա ընտրություններից ընդամենը երեքուկես ամիս առաջ հավասարը հավասարին պայքարել Թրամփի դեմ՝ կանխելով նրա վերադարձը Սպիտակ տուն։

XS
SM
MD
LG