2020-ի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները, նախնական պայմանավորվածությամբ, տեղի կունենան կա՛մ հունվարի 29-ին, կա՛մ 30-ին, «Ազատությանը» տեղեկացրեց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։
Ավելի վաղ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, թե լսումները տեղի կունենան այս ամսվա ընթացքում։ Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե փակ լսումներին հրավիրելու են առաջին դեմքերին՝ արտգործնախարարից մինչև գլխավոր դատախազ, իսկ ԱԱԾ տնօրենը հանդես է գալու զեկույցով։
Առայժմ պարզ չէ, թե անհետ կորած զինծառայողների հարազատներն ինչ կազմով են ներկա լինելու լսումներին, արդյոք բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի՞ հարցեր ուղղել, թե՝ ոչ։
«Հասկանում ենք՝ պատերազմ է եղել՝ զոհվել է, ո՞ւր է իմ երեխան, եթե չի զոհվել, էլի՝ ո՞ւր է իմ երեխան, 2 հարց... մինչև հիմա ի՞նչ աշխատանքներ եք կատարել, ի՞նչ ռեզուլտատներ ունեք», - ասաց անհետ կորածի հայր՝ Հայկ Նահապետյանը:
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայրը՝ Հայկ Նահապետյանն, ավելի քան 4 տարի որդու մասին տեղեկության է սպասում։ Նա հույս ունի, որ առաջիկա լսումները որևէ դրական տեղաշարժ կարձանագրեն իրենց որդիների փնտրտուքի հարցում։ Հայկ Նահապետյանի խոսքով՝ մինչև օրս իրեն որևէ համոզիչ փաստարկ չեն ներկայացրել, որ որդին զոհվել է։
Տղան Մատաղիսում է ծառայել, պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27 - ին, դիրքերում է եղել։ Հոր փոխանցմամբ՝ տեսանյութեր կան, որտեղ որդին կռվում է, ծառայակիցներն էլ են պնդել՝ տղային զոհված չեն տեսել. - «Մեր երեխաները ողջ ու առողջ գերության մեջ պետք է լինեն»:
«Ազատության» հարցին՝ որտեղի՞ց այն համոզմունքը, որ տղաները ողջ են, Նահապետյանը պատասխանեց. - «Իրեղեն ապացույցներով, սպաներին տեսնելով»:
Անհետ կորած զինծառայողների հարազատներին վստահություն չեն ներշնչում ԴՆԹ անալիզները
Անհետ կորած զինծառայողների հարազատներին վստահություն չեն ներշնչում ԴՆԹ անալիզները, որոնցով փորձ է արվում իրենց վստահեցնել, թե այդ մասունքները իրենց որդիներինն է։ Հայկ Նահապետյանին առաջին իսկ պահից կասկածելի է թվացել հանգամանքը, որ տղայի անհետ կորելուց հետո մեկ տարի անց բոլորովին նոր հեռախոս և փաստաթղթեր են իրեն ներկայացրել։
«Քարտերն ու բջջային հեռախոսը երեխայիս մոտ չեն եղել, երեխաս նախքան դիրքեր շարժվելն ամսի 25-26-ին ուրիշի հեռախոսով զանգեց, մոտ հետ էր խոսացել՝ «հեռախոսս ու քարտերս, չգիտեմ, կորցրել եմ, թե գողացել են», - ներկայացրեց նա:
Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ 2024 թվականի իր զեկույցում նույնպես փաստում է՝ անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքը պետության կողմից արդյունավետ կերպով չի ապահովվում։ Դատաբժշկական և ԴՆԹ-ների վերականգնման հնարավորությունները բավարար չեն։ Մասնավորապես սահմանափակ են փորձաքննությունները՝ խառնված կամ այրված մնացորդների հետ աշխատելու համար: Ընտանիքների կողմից նույնականացման արդյունքները վերանայելու կամ վիճարկելու մեխանիզմները բավարար չեն: Առկա չէ նաև մեկ միասնական տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրված կլինեին անհայտ կորած անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները։
Ընդգծելով, որ ղարաբաղյան 2-րդ պատերազմում 195 անձ շարունակ է անհետ կորած համարվել, միջազգային կառույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին բարելավել դատաբժշկական ընթացակարգերը, ուժեղացնել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կարողությունները, մասնավորապես արդյունավետ աշխատելու կմախքի, այրված կամ մասնատված մնացորդների հետ: