Թարմացում՝ 13։25
Հանդիպումը արդեն մեկուկես ժամ է, ինչ ընթանում է։ Մասնակցում է նաև խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը։
12։34
Անհետ կորածների հարազատներն այս պահին խորհրդարանում են՝ հանդիպելու ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Հանդիպման պայմանավորվածությունը երեկ է ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։
Անդրանիկ Քոչարյանը, որ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն է ղեկավարում, երեկ հրաժարվում էր բոլորին ընդունել՝ առաջարկելով, որ չորս հոգի գնա հանդիպման։ Անհետ կորածների հարազատների համար պայմանն անընդունելի էր, նրանք մնացին փողոցում այնքան, մինչև նրանց հետ հանդիպեց Ալեն Սիմոնյանը։
Այդ ընթացքում Անդրանիկ Քոչարյանը կայքերից մեկին ուղիղ եթերում հարցազրույց էր տալիս՝ ակնարկելով, թե անհետ կորածների հարազատների պահանջը ուղղորդված է։
Պաշտոնական տվյալներով՝ 2020-ի Արցախյան պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։