Դեռ հայտնի չի, թե երբ տեղի կունենան լսումները
Առայժմ հստակ ժամկետներ չկան, թե երբ տեղի կունենան անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցութամբ խորհրդարանական փակ լսումները։ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն այսօր ընդհանրապես հրաժարվեց խոսել՝ անջատելով «Ազատության» հեռախոսազանգը։
Դեկտեմբերի վերջին Քոչարյանի հետ խորհրդարանում հանդիպած Արսեն Ղուկասյանը, որը 44-օրյա պատերազմում ահետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրն է, այնուամենայնիվ հույս ունի, որ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը խոստումը կպահի, և լսումները տեղի կունենան։
«Կապրենք, կտեսնենք, հուսով եմ՝ չեն խաբի, կանեն», - ասաց նա։
Օրեր առաջ News.am -ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել էր, թե լսումները տեղի կունենան այս ամսվա ընթացքում։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրել էր, թե փակ լսումներին հրավիրելու են առաջին դեմքերին՝ արտգործնախարարից մինչև գլխավոր դատախազ, իսկ ԱԱԾ տնօրենը հանդես է գալու զեկույցով. - «Պարոն Աբազյանը հոժարակամ էր, որ անպայման հիմնական զեկուցող պետք է լինի ինքը, զեկուցողներից մեկը, գուցե ամենակարևոր զեկույցը պետք է լինի ԱԱԾ տնօրենինը»։
Մինչդեռ Արսեն Ղուկասյանը հակադարձում է՝ ԱԱԾ տնօրենի հետ՝ իբրև անհետ կորածների հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարի, իրենք պարբերաբար հանդիպումներ ունենում են, և այս պահին նոր բան ԱԱԾ տնօրենն իրենց ասել չի կարող։
«Չկա, որ ասեմ այնպիսի մի նորություն, որ մինչև հիմա չգիտեինք», - նկատեց նա։
«Բոլորին էլ պետք է ասեն չէ՞, որ ժողովուրդը իմանա՝ ովքեր են սրիկաները, դավաճանները»
Փոխարենը Արսեն Ղուկասյանը սպասում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցին, շեշտելով՝ լսումների ընթացքում փորձելու է հասկանալ՝ ինչո՞ւ են հանրությունից գաղտնի պահում զեկույցի ադյունքները։
«Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը հենց այդ պատերազմի արդյունքներն է քննում, որ տեսնի՝ ով է մեղավոր, ով չէր։ Հիմա այդ արդյունքները հրապարակելու ժամանակն է, կարծում եմ, ու դա իրենք պարտավոր են անելու։ Դե եթե պիտի հանրությանը չհայտարարեք՝ ինչ է ձեր քննության արդյունքները, ապա այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ այդ հանձնաժողովի կատարած աշխատանքը», - նշեց նա։
Ավելի քան 4 տարի անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը պնդում է՝ հենց իշխանություններն են պնդում, թե պատերազմը պարտվել են դավաճանների պատճառով, և այժմ իրենք ուզում են իմանալ՝ ովքեր են այդ դավաճանները, ում պատճառով են հազարավոր զինվորներ զոհվել ու անհետ կորել. - «Ես համոզված եմ, որ հենց դավաճանների շնորհիվ է այս պատերազմը պարտվել, դավաճանները չլինեին, մեր տղերքին այդպես չէին ավերի։ Բոլորին էլ պետք է ասեն չէ՞, որ ժողովուրդը իմանա՝ ովքեր են սրիկաները, դավաճանները, չհայտարարե՞ն, թաքուն պահե՞ն։ Եթե իրենք թաքուն են պահում դավաճանների անունները, նշանակում է՝ իրար հետ заодно»։
Ցանկանում են քննարկել նաև զոհված զինծառայողների մասունքների ԴՆԹ փորձաքննությունների հարցը
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները սպասվող փակ լսումներում ցանկանում են քննարկել նաև զոհված զինծառայողների մասունքների ԴՆԹ փորձաքննությունների հարցը։ Արսեն Ղուկասյանի համոզմամբ՝ հաշվի առնելով փորձաքննությունների անճշտությունները, սխալների հետևանքով նախկինում տեղի ունեցած արտաշիրիմումները՝ պետք է անկախ փորձագիտական կենտրոնի կողմից նոր փորձաքննություններ նշանակվեն։
«6 արտաշիրիմում են արել, այսինքն՝ սխալմամբ մի երեխուն տվել են էն մեկին։ Լավ, եթե վեցը կա, ո՞վ կարող է ինձ երաշխավորել, որ չի կարող լինել 60 կամ 600», - ասաց նա։
Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը բերում է կոնկրետ օրինակներ, երբ փորձագիտական կենտրոնը փորձում է ապացուցել, որ տվյալ մասունքը պատկանում է կոնկրետ զինծառայողի, սակայն ակնհայտ անճշտությունները ծնողներին հակառակն են համոզում։ Արսեն Ղուկասյանն ասաց, որ կոնկրետ իր եղբորորդուն՝ Սարգիսին գտնելու հարցում պետությունից որևէ օժանդակություն չի ստացել, ինչ էլ կարողացել է պարզել, պարզել է իր միջոցներով և իր անձնական կապերով։ Գիտի, որ Սարգիսը 44-օրյա պատերազմի օրերին անհետ կորել է Հադրութում հոկտեմբերի 10 -ին։ Նույն վայրում զոհված ընկերոջ դիակը ադրբեջանցիները վերադարձրել են, իսկ Սարգիսի մասին առայսօր լուր չկա։
Զոհվե՞լ է, ո՞ղջ է, գուցե պատա՞նդ է. անպատասխան հարցերն ու տարատեսակ ենթադրություններն անցած 4 տարիների ընթացքում անհետ կորածների հարազատներին հանգիստ չեն տալիս։
«Ես նույնիսկ մտածել եմ՝ միգուցե ինքը վիրավորվել է, մի կերպով իրեն հասցրել է կողքի տները, այնտեղ ուժասպառ մահացել է։ Ճի՞շտ է, այսինքն՝ պետք է դիակ լիներ, շրջակա բոլոր տները մտել ենք, նկուղներով, կտուրներով, սաղ ման ենք եկել, չկա դիակ։ ԴՆԹ չունեմ», - ասաց նա։
Հարցին, թե հանդիպումների ժամանակ ԱԱԾ տնօրենը ի՞նչ պատասխան է տալիս, Արսեն Ղուկասյանն ասաց. «Ոնց որ բոլորը, չգիտենք, չգիտենք՝ ուր է»։
44-օրյա պատերազմից ավելի քան չորս տարի անց դեռ 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչներ անհետ կորած են համարվում:
Նրանց հարազատները մինչև օրս Փաշինյանի իշխանությունից կոնկրետ պատասխաններ են սպասում։