Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է 3-4 տարում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ռադիոկայանի Եվրոպայի բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
«Ազատություն». - Եվրամիությունը և Հայաստանը մեկնարկում են վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ գործընթացներ է ներառում։
Ռիկարդ Յոզվյակ. - Դա նշանակում է, որ Եվրոպական հանձնաժողովը սկսում է աշխատել վիզաների ազատականացման գործողությունների պլանի վրա։ Այն, ըստ էության, Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքն է, օրինակ, օրենքներ, փաստաթղթեր կապված՝ մարդկանց վերադարձն ապահովելու հետ։ Դա նաև ներառում է հանձնառություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Սա մի ամբողջական փաթեթ է՝ հատկապես արդարադատության համակարգում, որ Հայաստանը պետք է կատարի՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար։ Դուք կարող եք ասել, որ այս երկխոսության մեկնարկը սկիզբն է այն գործընթացի, որը տարիներ անց կհանգեցնի վիզաների ազատականացմանը։
«Ազատություն». - Բարեփոխումները միայն տեխնիկակա՞ն բնույթի են, օրինակ՝ անձնագրեր, սահմանային հսկողություն։ Թե՞ ժողովրդավարության մակարդակը ևս հաշվի կառնվի։
Ռիկարդ Յոզվյակ. - Մեծ մասը տեխնիկական են, բայց, իհարկե, կան նաև քաղաքական հարցեր։ Օրինակ, Դուք նշեցիք ժողովրդավարությունը։ Եվ, անշուշտ, վերջնական ամբողջական որոշումը քաղաքական է։ Եվրոպական հանձնաժողովը վերլուծելու է, թե ինչ եք դուք արել, բայց ի վերջո Եվրամիության անդամ երկրներն են որոշում կայացնելու։ Եվ սովորաբար դա հենց քաղաքական հարց է դառնում. նրանք դիտարկում են, օրինակ, հայերի կատարած հանցագործությունները կամ վերադրաձվե՞լ են արդյոք որոնվող քաղաքացիները։ Մի խոսքով, վերջիվերջո Բրյուսելում ամեն ինչ էլ քաղաքական հարց է դառնում, այդ թվում՝ այս գործընթացը։
«Հայաստանի հետ վիզաների ազատականացմանն այս պահին բացահայտ դեմ արտահայտվողներ չկան»
«Ազատություն». - Ինչպես Դուք նշեցիք, բարեփոխումներից հետո Եվրամիության անդամ երկրները պետք է հաստատեն այս որոշումը։ Կուլսիներում կա՞ն խոսակցություններ, որ որոշ երկրներ դեմ են Հայաստանի հետ վիզաների ազատականացմանը։
Ռիկարդ Յոզվյակ. - Այս պահին բացահայտ դեմ արտահայտվողներ չկան, բայց սա պետք է դիտարկեք մեծ ենթատեքստի մեջ։ Եվրամիությունը որպես բլոկ հականերգաղթային քաղաքականություն է ընտրել։ Անդամ երկրների մեծ մասը չեն ուզում, որ այլ մարդիկ գան Եվրամիություն։ Իհարկե, վիզաների ազատականացումը միանգամայն այլ բան է, այն նշանակում է առանց վիզայի այցելել Եվրամիություն առավելագույնը 90 օրով։ Մի առավելություն, որից արդեն օգտվում են մոլդովացիները, ուկրաինացիները և վրացիները։ Բայց Եվրամիության հատկապես պոպուլիստ քաղաքական գործիչները միտումնավոր միավորում են ապօրինի ներգաղթ և վիզաների ազատականացում հասկացությունները՝ ասելով, որ գուցե հայերը չարաշահեն այս արտոնությունը, ինչպես դա արեցին վրացիները: Նրանք չեն ուզում դրա կրկնությունը տեսնել։ Կամ ասում են՝ մենք Վրաստանի համար վիզաներն ազատականացրեցինք, փոխարենը վրացական հանցախմբերն ակտիվացան, օրինակ, Շվեդիայում, Գերմանիայում։ Ես լսել եմ մտահոգություններ Ավստրայից, Չեխիայից, Շվեդիայից, որ Հայաստանի դեպքում ևս նման պոտենցիալ վտանգներ կան։ Բացի այդ, Հայաստանի դեպքում ավելի կոնկրետ մտավախություն կա, որ շատ ռուսներ, որոնք պնդում են, թե Հայաստանի քաղաքացի են, այդ ճանապարհով կհասնեն Եվրամիություն։ Այնպես որ, սա քաղաքական շերտեր ունի, և չեմ կարծում, որ անդամ պետությունները միանգամից կհաստատեն Հայաստանի վերաբերյալ որոշումը։
«Ազատություն». - Վրաստանի դեպքում կա՞ր ներգաղթյալների մեծ ներհոսք վիզաների ազատականացումից հետո։
Ռիկարդ Յոզվյակ. - Չէի ասի այդքան շատ, բայց նկատելի էին մարդիկ, որոնք փորձում էին 90 օրվանից ավելի մնալ՝ չարաշահելով այս առավելությունը և ապաստան հայցել։ Շատ չէին, խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է։ Սակայն շատ երկրների համար, որտեղ ներգաղթի թեման զգայուն հարց է, միայն այսքանը բավարար է, որ մարդիկ, իշխանությունները վախենան։ Դրա համար Հայաստանը պետք է շատ ուշադիր լինի, օրինակ, ռեադմիսայի հարցում՝ հավաստիացնելով Եվրամիությանը, որ մտադիր չեք ժամկետից ավելի մնալ։ Հակառակ դեպքում, Եվրամիությունում այժմ, այնքան էլ հաճելի թեմա չէ անդամ երկրներից բացի այլ քաղաքացիների ընդունելը։
«Հայաստանն ունի ներուժ հասցեագրելու իրավական խնդիրները, բայց ի վերջո կայացվելու է քաղաքական որոշում»
«Ազատություն». - Ըստ Հայաստանի իշխանությունների՝ գործընթացը կարող է տևել 3-ից 4 տարի։ Դա իրատեսակա՞ն ժամկետ է։
Ռիկարդ Յոզվյակ. - Կարծում եմ՝ դա շատ իրատեսական է։ Համեմատելու լավ օրինակ է Վրաստանը։ Նրանց դեպքում դա տևեց 3-ից 5 տարի։ Հայաստանն ունի ներուժ հասցեագրելու իրավական խնդիրները, բայց կրկին պիտի ասեմ, որ ի վերջո կայացվելու է քաղաքական որոշում։ Դա ժամանակ է պահանջում։ Նույնիսկ եթե Հայաստանը առաջիկա երկու-երեք տարում հասցնի կյանքի կոչել բոլոր կարգավորումները, չզարմանաք, եթե Եվրամիությունից ժամանակ պահանջվի վերջնական կոնսենսուսի համար։ Մի բան, որ տեղի ունեցավ Կոսովոյի դեպքում. Եվրամիության երկրները մի քանի տարում միայն համաձայնության եկան։ Կոսովոն, իհարկե, բավականին հակասական դեպք է, Հայաստանի հետ համեմատության լավ եզր չէ։ Բայց անգամ Վրաստանի դեպքում մեկ տարի պահանջվեց, որ հանձնաժողովն ասեր՝ այո, նրանք կատարել են ամեն ինչ, անդամ երկրներն էլ վերջապես հաստատեին՝ դե, լավ, եկեք նրանց տանք այս հնարավորությունը։
«Ազատություն». - Ի՞նչ դժվարությունների էին նրանք բախվում այդ ճանապարհին։ Նկատի ունեմ հատկապես Մոլդովան և Վրաստանը, որոնք համեմատելի են Հայաստանի հետ։
Ռիկարդ Յոզվյակ. - Մոլդովայի դեպքում ակնհայտ արագ ստացվեց։ Առաջին պետությունն էր, որոնց առանց լուրջ դժվարությունների գործը գլուխ բերեց։ Բայց Վրաստանի դեպքում մեծ խնդիր էին հանցախմբերը։ Այդ ժամանակ Վրաստանն ու Ուկրաինան մեկ փաթեթում էին, հետո առանձացվեցին։ Այն ժամանակ արդեն պարզ էր, որ վիզաների ազատականացումը կարող է մեծացնել ներգաղթը, այդ բանավեճը ավելի ու ավելի թեժ էր դառնում Եվրոպայում։ Այնպես որ կարծում եմ, որ որոշ երկրների պոպուլիստ կառավարություններին կարիք կլինի համոզել, որ սա տուրիզմը, բիզնեսը խթանելու և ոչ թե ապաստան հայցող մարդկանց համար է։
«Ազատություն». - Ստացվում է, որ այսօրվանից սկսած կարո՞ղ ենք ասել, որ առանց վիզայի ռեժիմը հայերի համար շատ հեռու չէ։
Ռիկարդ Յոզվյակ. - Չէի ասեի, որ շատ հեռու չէ։ Դա կարող է տեղի ունենալ մինչև այս տասնամյակի վերջը՝ 2030 թվականը։ Եթե դա հեռու չէ, ապա այդպես ասենք։ Ճանապարհ կա անցնելու, սակայն Հայաստանը սկսել է գործընթացը։ Սա մարաթոն է, դուք անցել եք առաջին հինգ կիլոմետրը։
«Ազատություն». - Կա՞ն երկրներ, որոնք հասել են վավերացման փուլին ու այդտեղ բախվել խնդիրների։
Ռիկարդ Յոզվյակ. - Ամենադժվար հատվածը վերջում է, երբ Եվրահանձնաժողովը ամփոփելով բոլոր զեկույցներն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սա արդեն դառնում է քաղաքական ընտրության հարց և հենց այստեղ էլ սկսվում են խնդիրները։ Ես Կոսովոյի օրինակը բերեցի, որը բալկանյան այլ երկրների հետ համեմատությամբ ստիպված էր սպասել 14 տարի։ Չեմ պատրաստվում ձեզ վախեցնել և ասել, որ նույնը Հայաստանի դեպքում կլինի։ Ո՛չ։ Բայց անգամ եթե Դուք ամեն ինչ կատարեք երկու-երեք տարում, Եվրամիության անդամ երկրներից գուցե ավելին պահանջվի դա հաստատելու համար։ Ես գիտեմ, որ գործընթացի մեկնարկին արդեն կային քննարկումներ, թե առանձնապես համոզիչ չեն փաստարկները, որ Հայաստանը շատ շուտ կհասնի արդյունքի։
«Հայաստանը նախ պետք է սկսի ապահարզանը Ռուսաստանի հետ, նոր միայն ԵՄ հետ սիրախաղը»
«Ազատություն». - Եվրամիությանն անդամակցելու թեման շատ ակտիվ քննարկվում է Հայաստանում։ Քաղաքական որոշ շրջանակներ անգամ ստորագրահավաք են կազմակերպում այդ նպատակով։ Բայց մյուս կողմից այս խոսակցությունը վաղաժամ չէ՞, եթե Հայաստանն առնվազն փաստաթղթերով Ռուսաստանի դաշնակիցն է:
Ռիկարդ Յոզվյակ. - Խոսակցությունը երբեք վաղաժամ չէ, դուք այն պետք է սկսեք թեկուզ այն պատճառով, որ առնվազն երեք երկրներ, առաջին հերթին ձեր հարևան Վրաստանը որոշել է ու դիմել, և, իհարկե, Մոլդովան ու Ուկրաինան, որոնք շատ արագ քայլեր են անում այդ ուղղությամբ՝ անգամ իմանալով, որ դա երկար գործընթաց է։ Ուստի այդ խոսակցությունը պետք է բացվի Հայաստանում։ Բայց իհարկե եթե լրջորեն դիտարկենք Հայաստանը որպես Եվրամիությանն անդամակցելու թեկնածու, դուք չեք կարող միաժամանակ երկու ակումբի անդամ լինել։ Հայաստանը ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության անդամ է և չի կարող կամրջել իրար հակասող կառույցները։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Եթե Հայաստանը լուրջ է տրամադրված, նախ պետք է սկսի ապահարզանը Ռուսաստանի հետ, նոր միայն Եվրամիության հետ սիրախաղը
«Ազատություն». - Ի դեպ, վարչապետ Փաշինյանն ասում է՝ ես չգիտեմ, արդյո՞ք մեզ սպասում են Եվրամիությունում։ Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը։
Ռիկարդ Յոզվյակ. - Չեմ կարծում, թե շատ ակտիվ սպասում են։ Բայց եթե Հայաստանն ուղարկեր անդամակցության հայտը, նրանք պետք է դիտարկեին այն։ Լուրջ կվերաբերեն, թե՝ ոչ, դա արդեն կախված է քայլերից, որոնք Հայաստանը պետք է անի։ Արդեն ասացի՝ դա Ռուսաստանի հետ է կապված։ Նոր միայն կլինի հավանականություն, որ Հայաստանը արագ հաջողի։ Բայց Հայաստանի համար հիմա խնդիր է նաև այն, ինչին բախվում են Մոլոդովան և Ուկրաինան, նրանք վաղը չեն դառնալու Եվրամիության անդամ, այդ կառույցի ընդլայնումը հիմա խնդրահարույց է։ Նայեք ձեր հարևաններին՝ Վրաստանին և Թուրքիային, որոնք սպասում են այդ հերթում։ Այդ գնացքը, եթե անգամ շարժվում է, ապա շատ դանդաղ։ Եվ եթե Հայաստանը որպես նոր վագոն կցվում է այդ գնացքին, դեռ չի նշանակում, որ այն տեղ կհասնի արագ։
«Ազատություն». - Իհարկե, մենք ունենք Ֆրանսիայի օրինակը։ Բայց կարծում եք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի՞ խոչընդոտում, որ Եվրոպան զենք վաճառի Հայաստանին։
Ռիկարդ Յոզվյակ. - Կարծում եմ՝ այո։ Բայց նաև Եվրասիական տնտեսական միությունն է խնդիր, որովհետև Եվրամիությունն առաջին հերթին մեծ շուկա է։ Այսինքն հայկական շուկան դառնալու է ֆրանսիական, իսպանական, ըստ էության՝ միասնական տարածք։ Ավելին, քան ազատ առևտրի պայմանագիրը։ Հենց այդ պատճառով անհնար է, որ դուք միաժամանակ լինեք ազատ առևտրի այլ գոտում։ Ձեր և Բրյուսելի առևտրային քաղաքականությունը տարբեր է։ Այնպես որ, եթե Դուք որոշում եք գնալ մի ուղղությամբ, պետք է նաև հստակ ազդակ տաք, որ այլ ճանապարհով չեք գնալու։ Այս պահին ակնհայտ է, որ Երևանը Մոսկվայի հետաքրքրությունների շրջանակում է, գուցե ոչ քաղաքական, բայց հաստատ՝ տնտեսական։ Սա մի հարց է, որը Հայաստանի իշխանություններն իրենք իրենց պետք է ուղղեն։