Այսօր երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ: Երկրպագուների կողմից «Կովկասյան դերբի» անվանումը ստացած դիմակայության շուրջ հետաքրքրությունը մեծ է. խաղի բոլոր տոմսերը վաճառվել են ժամերի ընթացքում:
Հարևան երկրների հավաքականները մինչ այս 7 անգամ են հանդիպել, երեք անգամ Վրաստանն է հաղթել, երկուսում առավելության է հասել Հայաստանը, երկու խաղ էլ ոչ ոք է ավարտվել:
Այս անգամ թիմերը կպայքարեն ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար: Երևանում, երեք օր անց էլ Թբիլիսիում կայանալիք խաղերի արդյունքում հաղթելու դեպքում Հայաստանի ընտրանին կարգով ավելի բարձր դիվիզիոն կտեղափովխի: Վրաստանն էլ կփորձի հաղթել ու պահպանել տեղն այնտեղ։
«Լավ հանդիպում է սպասվում վաղը, խաղում ենք մեր հարևան երկրի դեմ, ֆուտբոլային եղանակ, ու վաղը մեծ տոն է սպասվում Հայաստանում»․ - թիմի ներսում ամեն բան լավ է, երեկ հրավիրված ասուլիսին վստահեցրեց հավաքականի հնաբնակներից Վարազդատ Հարոյանը։ «Մթնոլորտը շատ բարձր է, գիտենք ինչ հանդիպում է սպասվում, մոտիվացիայի կարիք չկա», - ասաց Հարոյանը։
Հոլանդացի մասնագետ Ջոն վան՛տ Սխիպի գլխավորությամբ սա Հայաստանի ընտրանու առաջին հանդիպումն է։ 61-ամյա գլխավոր մարզիչը թիմին ճանաչելու կարճ ժամանակ է ունեցել, բայց արդեն կարող է ասել՝ Հայաստանի ընտրանին իր մակարդակով Վրաստանին զիջում է. - «Պետք է հասնենք այդ մակարդակին. սա մեծ մարտահրավեր է, մեզ համար սա շատ լավ օրինակ, է, որ լինելով փոքր երկիր կարելի է մեծ հաջողությունների հասնել»։
Վրաստանի հավաքականն անցած տարի պատմական հաջողություն գրանցեց. առաջին անգամ հասավ Եվրոպայի առաջնություն, խաղաքարտեր խառնեց ու կարողացավ նաև խմբից դուրս գալ: Հայաստանի հավաքականին երբեք չի հաջողվել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:
Մասնագետի խոսքով, հավաքականի ղեկին իր հիմնական առաջադրանքը թիմին արդեն հաջորդ՝ աշխարհի առաջնության ընտրական փուլին նախապատրաստելն է. - «Երկարաժակետ առաջադրանքը նախապատրաստվելն է, վստահ լինելը, որ սեպտեմբերին մեկնարկող որակավորման խաղերին պատրաստ ենք»։
Հայկական ֆուտբոլի շուրջ մթնոլորտն արդեն մի քանի ամիս լարված է: Հավաքականի ձախողումներից դժգոհ երկրպագուները Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականն են պահանջում: Դժգոհ երկրպագուները նախ փողոց դուրս եկան, բողոքի ակցիաներն այնուհետև մարզադաշտեր հասան:
Վերջին նման ակցիան երկրպագուները շաբաթներ առաջ իրականացրին: Ցույցը ոստիկանական գործողություններով ուղեկցվեց, ակցիայի մի շարք մասնակիցներ ձերբակալվեցին, ապա նրանց նկատմամբ խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվեց:
Անցած նոյեմբերին էլ հավաքականի վերջին տնային հանդիպմանը ֆան շարժումները «հեռացի՛ր» վանկարկումներով ակցիա իրականացրին։
Ֆեդերացիան, հիշեցնելով նոյեմբերյան դեպքերը, վերջերս հայտարարեց, թե «երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ, և եթե միջադեպը կրկնվի, մարզադաշտը կարող է որակազրկվել»:
Կհետևե՞ն երկրպագուները հորդորին, թե՞ այսօր ևս ցույց կանեն, հայտնի չէ. նրանք երեկոյան երթով են շարժվելու Հանրապետական մարզադաշտ: Ֆեդերացիան էլ մարզադաշտում գտնվելու կարգի մասին հոլովակ է տարածել՝ շեշտելով, որ դյուրավառ նյութեր, ծխարձակիչներ, պայթուցիկներ բերելն արգելվում է: