Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջն արդեն մարզադաշտեր է հասել, ներքին առաջնության հանդիպումների ընթացքում ֆան ակումբների անդամները խաղադաշտ են դուրս գալիս:
Երկրպագուները երեկ նախ «Վեստ-Արմենիա» - «Ալաշկերտ» խաղի ընթացքում բողոքի ակցիա անցկացրին, ապա նույն պահանջը հնչեցրին արդեն Շիրակ» - «Գանձասար» հանդիպմանը։
«Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառներով ցույցերը համատեղ իրականացնում են ազգային հավաքականի և տարբեր ակումբների երկրպագուների շարժումները։
2019-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարող Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով ակցիաները սկսվեցին ազգային հավաքականի Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո։
Դժգոհ երկրպագուները տարբեր խնդիրներ են մատնանշում՝ ազգային հավաքականի բացասական արդյունքները, տարբեր տարիքային թիմերի իրար հաջորդող պարտությունները․․․ Ազգային հավաքականն, օրինակ, վերջին տասը խաղերից միայն երկուսում է հաղթել, ՀՖՖ ներկայիս ղեկավարության օրոք ընտրանին այդպես էլ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ չհասավ։
Երիտասարդական հավաքականը պարտվել է իր վերջին 10 խաղերից 8-ում, մինչև 17 տարեկանների թիմում էլ ավելի բացասական արդյունքներ են:
Այս ցույցերից հետո Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներն են հրաժարականի պահանջին միանալու մասին հայտարարում։ ՀՖՖ ղեկավարության հետ արդեն տևական ժամանակ խնդիրներ ունեցող «Փյունիկ»-ը, ֆուտբոլային կառույցի պատասխանատուներին նախկինում էլ քննադատած «Ուրարտու»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը նման հաղորդագրություններ են տարածել:
Ֆեդերացիան բողոքի այս նոր ալիքին դեռ չի արձագանքել, իրենց պաշտոնական էջում հավաքականի հաջորդ հանդիպման տոմսերի վաճառքի մասին են տեղեկացնում, կրթական ծրագրի մասին հաղորդում, ակցիաների վերաբերյալ հրապարակում չկա։
Հրաժարականի պահանջին ՀՖՖ կայքում հրապարակված հայտարարությամբ Արմեն Մելիքբեկյանը մոտ երկու շաբաթ առաջ է անդրադարձել։ Վստահեցնելով, թե Ֆեդերացիան արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար Մելիքբեկյանը գրել է, թե հասկանում է դժգոհությունը, բայց վերջնագրերով խոսելու գործելաոճը չի ընդունում։
ՀՖՖ նախագահը հաջորդ տարվա անելիքներն են թվարկել ու եզրափակել, թե «որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ինքն ավելի մտահոգ է գալիք տարվա անելիքներով»։