Մատչելիության հղումներ

«Կարծում եմ՝ պառակտում կա». շարունակվում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյան, արխիվ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյան, արխիվ

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակելու են, միևնույն ժամանակ ընդգծում են՝ իրենց նպատակը միայն հայկական ֆուտբոլի առողջացումն է, ոչ թե պառակտումը։

Ֆեդերացիայի շենքի առջև ակցիաների շարքը, որ սկսեց հավաքականի կրած ծանր պարտություններից հետո, վերջերս նաև մարզադաշտեր է տեղափոխվել, դրա հետևանքով մի քանի ֆուտբոլային հանդիպում է ընդհատվել։

Ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջին երկրպագուների խմբերից բացի միացել են նաև խոշոր ակումբներից «Փյունիկ»-ը, «Շիրակ»-ը, «Ուրարտու»-ն, տասնյակից ավելի ակումբներ էլ գրեթե նույն տեքստով աջակցություն են հայտնել ֆեդերացիայի նախագահին։

«Կարծում եմ՝ կա պառակտում ֆեդերացիայի և հատկապես երեք ակումբների միջև, որոնք Հայաստանում ամենամեծերից են, գումարած երկրպագուները, որոնք համաձայն չեն ֆեդերացիայի աշխատանքի հետ։ Այս պահին մի փոքր փակուղի է ամեն ինչ մտել, ակումբներն ու ֆեդերացիան երկխոսության մեջ չեն մտնում, միմյանցից երկու կողմերն էլ շատ դժգոհ են։ Գումարված ակումբները կամ կազմակերպությունները, որոնք ֆեդերացիայի անդամներ են և ընտրել են նախագահին, նրանք էլ մի ուրիշ ծայրահեղություն են։ Նրանք գրեթե նույն տեքստերով աջակցություն հայտնեցին ֆեդերացիայի նախագահին, բայց ակնհայտ է, որ որոշները կա՛մ ճնշման տակ են արել, կա՛մ ուղղակի ինչ-որ ֆեդերացիայի հետ համաձայնություն ունեն ենթակառուցվածքների և այլն, այսինքն, կախման մեջ են, դրա համար ստիպված են արել։ Միգուցե մի քանիսն էլ իսկապես համաձայն են ֆեդերացիայի քաղաքականության հետ», - ասաց ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը։

Ակումբներից «Նոա»-ն էլ առաջարկել է հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։ Առայժմ պարզ չէ, թե սրա վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն կողմերը։

«Լավ կլիներ, եթե երկխոսություն լիներ, սակայն, ես դրան չեմ հավատում, հաշվի առնելով, որ «Շիրակ»-ը, «Փյունիկ»-ը, «Ուրարտու»-ն, նաև երկրպագուները ավելի են ճնշումն ուժեղացնելու։ Ինձ համար ամենավատն այն է, որ՝ այո, ֆեդերացիայի աշխատանքից երևի թե ոչ ոք գոհ չեն, նրանք լավ չեն աշխատում, մյուս կողմից ես այնքան չեմ վստահում նաև այդ ընդդիմադիր ակումբներին, նրանք նույնպես իրենց աշխատանքում շատ սխալներ ունեն, նրանք էլ այս պահին հստակ բանաձև չեն առաջարկում, թե ինչպես այս հարցը լուծել, եթե նույնիսկ ֆեդերացիան գնա, իրենք ինչ կանեին հայկական ֆուտբոլում այս խնդիրները լուծելու», - նշեց Աբելյանը։

Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի խոսքով՝ եթե շարունակվի այս պառակտումը, ապա տուժելու են բոլոր կողմերը՝ թե՛ ֆեդերացիան, թե ակումբները փակուղու առջև են կանգնելու. - «Միգուցե նույնիսկ առաջնությունները դադարեցվեն, այդ դեպքում կարծում եմ այլ ելք չի ունենա ֆեդերացիան, քան հրաժարականը, բայց այդ դեպքում էլ, ինչպես նշեցի, ես ակումբներին այդքան չէի վստահի»։

2019-ի դեկտեմբերից ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Մելիքբեկյանն, արձագանքելով դժգոհություններին ու հրաժարականի պահանջին, ասել էր, թե Ֆեդերացիան արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար։ Արմեն Մելիքբեկյանը նշել է, թե հասկանում է ֆուտբոլասերների դժգոհությունը, բայց վերջնագրերով խոսելու գործելաոճը չի ընդունում։

XS
SM
MD
LG