Մատչելիության հղումներ

Հավաքականը պետք է հաղթի ու վերջ. մարզիչ


Երկու խաղ, ու Հայաստանի ազգային հավաքականը կավարտի Ազգերի լիգայի այս մրցաշարի հիմնական փուլը։ Վաղը հավաքականը կմրցի Ֆարերյան կղզիների հետ, հաջորդիվ սպասվում է Լատվիայի դեմ հանդիպումը մրցակցի հարկի տակ։

«Միշտ մոտիվացիան մեծ է՝ հավաքականում խաղալու թե՛ իմ, թե՛ տղաների։ Պատրաստվում ենք միայն հաղթանակի համար խաղալ։ Կոնկրետ վաղվա հանդիպումը վերջին տնային հանդիպումն է, և փորձելու ենք գեղեցիկ ֆուտբոլ ցույց տալ ու հաղթանակի հասնել, երկրպագուներին ուրախացնել», - ասուլիսին ասաց հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Նախորդ ամիս Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը զբաղեցրած պաշտոնից հեռացվեց։ Այժմ թիմը մարզում է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։

«Այսօր հիմնական նպատակն այս երկու խաղն է, պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք, որ մնանք խմբում։ Հավաքականը պետք է հաղթի ու վերջ», - ասաց նա, շարունակելով, - «Հավաքականը, գիտեք, այսօր ծանր վիճակի մեջ է, և ես այդ որոշումը կայացրի նրա համար, որ լինեմ հավաքականի կողքին ծանր վիճակում»։

Առաջիկա երկու խաղերից հետո միայն կնշանակվի գլխավոր մարզիչ։ Ֆեդերացիայից փոխանցում են, որ այժմ ակտիվ բանակցում են թեկնածուների հետ, բայց անուններ չեն տալիս։ «Ազատության» հարցին, թե ինչպիսի՞ մարզիչ է պետք հավաքականին՝ արդյունքներ գրանցելու համար, և արդյոք նախընտրելի՞ է, որ մարզիչը լինի հա՞յ, թե՞ օտարերկրացի, թիմի պաշտպան Հովհաննես Համաբարձումյանն ասաց. - «Ես կարծում եմ՝ առաջիկա երկու հանդիպումները հաղթանակով ավարտենք, իսկ հետո մնացածն արդեն ֆեդերացիան կորոշի»։

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի 4 տուրերից հետո խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանի ընտրանին 4 միավորով երկրորդն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG