«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր առավոտյան հանդիպեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը, մասնավորապես, ներկա էին «Լուսավոր Հայաստան», «Հանրապետական» կուսակցությունների, ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչներ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
Ներկայացնելով, թե ինչպես է ձևավորվել շարժումը և ինչն է այժմ իրենց նպատակը՝ Բագրատ սրբազանը պնդեց՝ ստեղծված իրավիճակի պատճառը մեկն է։ Նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա շեշտեց՝ կա՛մ Փաշինյանը պետք է հեռանա, կա՛մ հեռացվի։
Քննարկումը շարունակվեց փակ դռների հետևում, լրագրողները կարողացան ներկա գտնվել հանդիպման առաջին հատվածին միայն․ Հայրիկյանի հարցից հետո, թե ի՞նչ գործնական դրսևորումներ է ունենալու շարժումը Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար՝ Բագրատ սրբազանն առաջարկեց անցնել փակ ձևաչափով քննարկմանը։
Օրվա երկրորդ կեսին սրբազանը հանդիպեց նաև մշակութային գործիչների, ապա նախկին զինվորականների հետ։ Իսկ այսօրվա քննարկումները Բագրատ սրբազանը կամփոփի երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Քաղաքական գործիչները փակ հանդիպումից հետո հայտարարում են, որ վարչապետի թեկնածության համար ընդունելի է հենց սրբազանի թեկնածությունը։
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասել էր, որ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը:
Հիշեցնելով, որ 2021-ին խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների միջոցով, որն էլ նշանակեց կառավարություն՝ Խանդանյանը շեշտել է՝ իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական, լեգիտիմ ճանապարհով՝ ընտրությունների միջոցով։
Կիրանցից սկսված շարժումը սահմանազատումը կասեցնելու պահանջով մայիսի 9-ին երթով հասավ Երևան, ապա վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։