Ավելի քան մեկ տարի բանտում գտնվող ընդդիմադիր Արմեն Աշոտյանն այսօր տուն վերադարձավ։ Լրագրողների հետ նա չշփվեց, դարպասներից ներս նրան նստեցրեցին ավտոմեքենա և տեղափոխեցին տուն։ Պատճառը շփումների արգելքն է, որ երեկ սահմանեց դատավորը, երբ որոշեց 25 միլիոն դրամ գրավի դիմաց բանտային կալանքը փոխարինել տնայինով։ Պահանջվող գումարը հավաքվեց մեկ գիշերվա մեջ։
«Պարոն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն: Օրենքով չնախատեսված կարգ է, բայց ինչ-որ ավանդույթ է իրենց մոտ դարձել որոշ դեպքերում, միշտ չի, որ այդպես է լինում», - նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հանրապետականի 49-ամյա փոխնախագահը մեղադրվում է 2010-ականներին կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ այն քաղաքական հետապնդում է համարում իշխանությանը կոշտ քննադատելու համար։ Մի պնդում, որ իշխանությունը կտրականապես հերքում է։
Աշոտյանի մյուս փաստաբանը՝ Ռուբեն Մելիքյանն ընդգծեց՝ դատարանի երեկվա որոշումը կարևոր է նաև այն առումով, որ նրան չի արգելվել տնից քաղաքական հայտարարություններ անել։ Նրան կարող են այցելել պատգամավորները, այլոց հետ շփվելու իրավունք չունի։
«Շատ կարևոր է, ի դեպ, սա ես ուզում եմ ողջունել, երբ որ դատարանը պարզաբանումներ ներկայացրեց իր որոշման հետ կապված, այդ թվում նաև գործունեության շարունակման հետ կապված, և ուղիղ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը կարող է շարունակել, ինչպես մինչև այս էր անում, իր քաղաքական տեքստերը, հոդվածները հրապարակել: Սկզբունքը կարծես թե այն էր, որ չպետք է պակասեն այն փոքր ազատության նշույլները, որ այստեղ կային: Օրինակ՝ դրանց մեջ էր մտնում պատգամավորների այցելությունը, ասաց, այո, պատգամավորներն էլ կարող են այցելել», - ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:
«Չի կարելի գալ ամեն անգամ նույն կինոյին, մտածել, որ ուրիշ ձև է փոխվելու, պետք է կա՛մ կինոն փոխել, կա՛մ դերասաններին, կա՛մ ռեժիսորին», - վարչապետի ընդդիմախոսն այս հայտարարությունն արել էր երկու ամիս առաջ՝ դատավարության ժամանակ, երբ դատավորը մերժել էր նրան ազատել կալանքից՝ չընդունելով տասնյակ ընդդիմադիր պատգամավորների, նախկին քաղաքական գործիչների երաշխավորությունները։
Ի՞նչ փոխվեց այս երկու ամսվա ընթացքում
Ի՞նչ փոխվեց այս երկու ամսվա ընթացքում, ինչպե՞ս ստացվեց, որ անցած մեկ տարում տասնյակ միջնորդություններ մերժած դատավոր Վահե Դոլմազյանը գնաց այս քայլին։ Փաստաբան Մելիքյանն այստեղ թեև քաղաքական դրդապատճառներ է տեսնում, բայց հրաժարվեց դրանք մանրամասնել։ Անդրադարձավ միայն իրավական մասին։
«Որոշումը չենք ստացել, ամեն դեպքում, որոշ պարզաբանումներ տրվեցին, իմ ընկալումն այն էր, որ հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վկայի հարցաքննությունն ավարտվեց, որովհետև ինչ էլ ուզում է լինի, վկայի հարցաքննությունն ավարտելն արդեն նշանակում է, որ օբյեկտիվորեն ինչ-որ բան նվազում է», - նշեց նա:
Փաստաբանը նկատի ունի այն վկայի հարցաքննությունը, որի հետ գաղտնի ձայնագրությունն էլ հիմք էր դարձել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիմակցին կալանավորելու համար։ Այն ժամանակ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իրենց ձեռքի տակ է հայտնվել գաղտնի ձայնագրություն, որում Աշոտյանն առաջարկում է իր փաստաբանի ծառայությունները մյուս մեղադրյալին։ Իրավապահները եզրահանգել էին, որ ազատության մեջ գտնվող Աշոտյանը փորձել է ազդեցություն գործել այս գործով անցնողների վրա։ Մելիքյանի խոսքով, դատարանն արդեն եզրահանգել են, որ ավելի քան մեկ տարի առաջվա ազդեցությունը հիմա արդեն նվազել է։
«Օրինակ՝ վերաքննիչ դատարանն արդիականության աստիճանական նվազման տեսությունն էր էդտեղ ձևակերպել, որը նշանակում է, որ 1,5 տարի առաջ մի բան եղել է կամ չի եղել, հիմա մենք ոնց ենք կարծում, որ այսօր նույն ազդեցությունն ունի, ինչ այն ժամանակ», - ասաց փաստաբանը:
Նախկին իշխանության կարկառուն ներկայացուցչի քրեական գործն առնչվում է Երևանի պետական բժշկական համալսարանին։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին համալսարանը գնել էր դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող Սևանի «Ծովասարի» հյուրանոցային համալիրի մի քանի սենյակներ ու մեկ դահլիճ։ Այդ ժամանակ կրթության նախարար Աշոտյանը նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։
Իրավապահները պնդում են, որ նախկին ռեկտոր, այժմ այս գործով մեղադրյալ Միքայել Նարիմանյանին Աշոտյանն է դրդել կատարել այս գնումները՝ առանց գնման ընթացակարգերի և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման։ Ըստ Քննչականի, այդ գումարները հավաքվել են համալսարանի աշխատողներից որպես հիմնադրամի վճար, հետո դրանց անօրինական ծագումը թաքցնելու համար առուվաճառքի պայմանագրեր են կնքել, բայց մինչև 2018 թվականը այդ բնակարաններն այդպես էլ բժշկականի աշխատակիցների հանգստին չեն ծառայել։
Ըստ մեղադրանքի, հենց Աշոտյանն է կազմակերպել համալսարանի արհեստակցական հիմնադրամին պատկանող 185 միլիոն դրամի հափշտակությունը, ևս 39 միլիոն դրամի գործարքը նպատակին չի ծառայել, ինչի հետևանքով համալսարանին պատճառվել է խոշոր վնաս։