Մատչելիության հղումներ

Նախարարությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորին


Դատավոր Աննա Դանիբեկյանը
Դատավոր Աննա Դանիբեկյանը

Կարեն Անդրեասյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) աշխատակազմի պատրաստած աղմկահարույց տեսանյութից հետո Արդարադատության նախարարությունը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանին:

Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

«Անդրադառնալով մեղքի ձևին, կարող ենք նշել, որ դատավորի կողմից վարքագծի կանոնի խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը չի գիտակցել իր կատարած խախտման բնույթը, թեև տվյալ իրավիճակում պարտավոր էր գիտակցել դա և դրա հետևանքները», - նշեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը:

Կարեն Անդրեասյանի աշխատակազմի պատրաստած և այս փետրվարին հրապարակված «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործերի տապալման մեղավորները» վերնագրով տեսանյութում, որն էլ հենց հիմք է հանդիսացել կարգապահական վարույթի հիմք է դարձել, հնչում էին նույն պնդումները, ինչն այսօր հնչեցնում էր Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, թե Աննա Դանիբեկյանը չպետք է երկրորդ նախագահին մեղսագրվող՝ երկու տարբեր գործերը քններ մեկ դատավարության ընթացքում:

Երկրորդ նախագահն ու նրա նախկին ենթակաները մեղադրվում էին սահմանադրական կարգի տապալման և կաշառք ստանալու հոդվածներով:

Առաջինի դեպքում Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ նրան վերագրվող հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց: Իսկ կաշառքի գործով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Բացի այդ, Արդարադատության նախարարությունը նաև համարում է, թե այս գործով դատական նիստերի հետաձգումները հիմնավորված չեն եղել և դատավարական իրավունքների չարաշահման պայմաններում դատարանը չի իրացրել սանկցիաներ կիրառելու իր լիազորությունը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը նախարարության ներկայացուցչից հետաքրքրվեց՝ քրեական գործից որ մասը և որ պահին պետք է առանձնացվեր: Ըստ նախարարության՝ առանձին պետք է քննվեր կաշառքի գործը, սակայն, թե որ պահից պետք է առանձնացվեր, նախարարության ներկայացուցչի խոսքով, միջնորդության շրջանակում այդ հարցին գնահատական չի տրվել:

«Եթե գնահատական չեք տալիս, չեք կարող ասել, թե որ պահին գործի քննության այդպիսի որոշում պետք է կայացվեր, գործի տևողության վրա ազդեցությունն ինչո՞վ եք հիմնավորում», - հարցրեց Դանիբեկյանը:

Արտյոմ Սուջյանն արձագանքեց. - «Բնականաբար, հնարավորինս շուտ, որպեսզի ապահովվեր ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացումը»:

Մոտ մեկ ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանն այդպես էլ չասաց՝ ինչ հիմքով են պնդում, թե երկու գործերն առանձին քննելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել նիստերի ձգձգումից։ Բացի դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութից իրականացվե՞լ են արդյոք վերլուծություններ, համեմատություններ, որից պարզ է դարձել, թե գործերն առանձնացնելու դեպքում քննությունն ավելի արդյունավետ կլիներ, այս հարցի պատասխանից էլ պարզ դարձավ՝ նախարարությունը որևէ վերլուծություն չի իրականացրել:

«Այսինքն՝ գործից մաս առանձնացնելու դեպքում այն, որ գործի քննության տևողությունը կկրճատվեր, դա ձեր ենթադրությո՞ւնն է», - հարցրեց Դանիբեկյանը:

Սուջյանը պատասխանեց. - «Դա մեր համոզմունքն է»:

Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը կշարունակվի վաղը. դատավորը դիրքորոշում հայտնելու համար ժամանակ խնդրեց: Դատավորների գործունեությունը կարգավորող մարմնի՝ ԲԴԽ-ի ամենախիստ պատիժը դատավորի լիազորությունների դադարեցումն է, կարող են բավարարվել նաև նախազգուշացմամբ կամ նկատողությամբ:

Ի դեպ, ԲԴԽ-ն այսօր դադարեցրեց քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Ըստ նախարարության միջնորդության՝ Ստեփանյանը մի քանի տասնյակ վճիռներ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։

2018-ից 2023 թվականներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով դադարեցվել է 30 դատավորի լիազորություն:

XS
SM
MD
LG