Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանին հարցաքննել են Բաքվի բանտում՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ

Լրացված

Ռուբեն Վարդանյան, Նիկոլ Փաշինյան
Ռուբեն Վարդանյան, Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ադրբեջանական բանտում հարցաքննել են Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին։

Ընդ որում՝ համաձայն այսօր նրա գրասենյակի տարածած հայտարարության, Վարդանյանն, ադրբեջանցի քննիչներից տեղեկանալով իր վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունների մասին, դրանց իսկությանը չի հավատացել և ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ փորձել է ճշտել՝ իսկապե՞ս Փաշինյանն իր մասին նման բաներ է ասել։

Իսկ Հայաստանի վարչապետն, օրերս պատասխանելով հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահին հարցրե՞լ է, թե ինչու Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին ազատ չեն արձակում, ինքն էր մի շարք հարցադրումներ արել․ - «Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց Հայաստան, գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ խոստումներով»։

Ընտանիքի հետ հեռախոսազանգի ընթացքում ստանալով հաստատում, որ Հայաստանի վարչապետն իսկապես նման հայտարարություն է արել, Ռուբեն Վարդանյանը խնդրել է փոխանցել իր խոսքը։

«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից: Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի», - ասել է Արցախի նախկին պետնախարարը:

Ռուբեն Վարդանյանը վարչապետին նաև հիշեցրել է, որ 2018-ի գարնանը, երբ առաջին անգամ գործընկերներով հանդիպել են պաշտոնը նոր ստանձնած Փաշինյանին, նրան երեք կետ է ներկայացրել, որոնք պահպանել է ու շարունակում է պահպանել։ Նախ, որ չի ցանկանում և չի միջամտի Հայաստանի քաղաքականությանը: Երկրորդ, որ զբաղվում են բարեգործությամբ՝« անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ դա անում են ժողովրդի համար»: Եվ երրորդ՝ միակ բանը, որ կարող է փոխել իր այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է:

«2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ: Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա», - ասել է Վարդանյանը։

Վարչապետն առայժմ չի արձագանքել Բաքվի բանտից իրեն ուղղված Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը ու Փաշինյանի ցանկացած հարցին պատասխանելու առաջարկին։ Նրա խոսնակը չի պատասխանում «Ազատության» հեռախոսազանգերին։

Ի դեպ, վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հարցնելով, թե «ո՞վ է գործուղել Ռուբեն Վարդանյանին Արցախ և ի՞նչ նպատակով», առանց անուններ տալու, նաև հարցնում էր, թե «ավելի ուշ՝ կալանավորվելուց հետո, այդ ո՞վ էր շեշտում, որ Վարդանյանն այլ երկրի քաղաքացի է»։

Իսկ այն, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, մեկ տարի առաջ ասել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ հարցրել էին, թե արդյոք Մոսկվան քայլեր ձեռնարկո՞ւմ է Վարդանյանին ազատ արձակելու ուղղությամբ։

«Նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Մենք միշտ ենք դա արել և անում ենք։ Ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց ինչպես հասկանում եմ, նրանց Երևանում չեն էլ ուզում տեսնել», - ասել էր ՌԴ նախագահը։

2022-ի դեկտեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինի հրամանագրով բավավարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին գործարար Ռուբեն Վարդանյանի դիմումը: Օրեր անց՝ նոյեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար: Նա այդ պաշտոնը չորս ամիս զբաղեցրեց, իսկ Արցախի տեղահանության օրերին ձերբակալվեց Հայաստան գալու ճանապարհին։ Ադրբեջանում նրան ծանր մեղադրանքներ են ներկայացվել՝ «ահաբեկչության ֆինանսավորումից մինչև ապօրինի զինված կազմավորումների ստեղծում»։

Արդյոք Փաշինյանի հայտարարությունների կապակցությամբ Բաքվի բանտում հարցաքննված Վարդանյանին նոր մեղադրանք կներկայացվի՝ պարզ չէ։ Ադրբեջանական աղբյուրները դեռ ոչինչ չեն հաղորդում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG